Zaman. «Գյումրիի ռուսական ռազմաբազան իրականում և հիմնականում ուղղված է Թուրքիայի դեմ»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պետական այցը դուրս չի մնացել թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից: «Պուտինը Գյումրիում է» հոդվածում թուրքական առաջատար թերթերից «Զաման»-ի սյունակագիր Ֆիքրեթ Էրթանն ընդգծում է Գյումրիի` Հայաստանի երկրորդ քաղաք լինելու հանգամանքը, Կարսին և Արդահանին չափազանց մոտ լինելու գործոնը:
Հոդվածագիրը նշում է, որ Ռուսաստանի նախագահի օրակարգում է լինելու այցելությունը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա, որի գործունեության ժամկետը 2010 թվականին երկարացվել էր ևս 49 տարով՝ մինչև 2044 թվականը: Էրթանը տեղեկություններ է հաղորդում ռազմակայանի վերաբերյալ՝ հստակեցնելով անձնակազմի թիվը, ներկայացնելով ռազմատեխնիկական հագեցվածությունը, հնարավորությունները:
Հոդվածում նշվում է նաև, որ հայկական և ռուսական կողմերը քննարկում են 102-րդ ռազմաբազային պատկանող և Երևանում գտնվող Էրեբունու ռազմական օդանակավակայանի արդիականացման հարցը, որտեղ կարող են իջեցվել ռուսական ուղղաթիռներ:
Ըստ Ֆիքրեթ Էրթանի՝ 102-րդ ռուսական ռազմաբազան իրականում և հիմնականում ուղղված է Թուրքիայի դեմ և նրան զսպելու նպատակ ունի: Հոդվածագիրը հնարավոր է համարում, որ ռազմակայանի կողմից հայ- ադրբեջանական հավանական բախումների կամ պատերազմի ժամանակ հայկական ուժերին օգնություն կցուցաբերվի: Նա հիշեցնում է ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու խոսքերը: Վերջինս ռուսական «Կռասնայա զվեզդա» թերթի «Ո՞րն է ռազմակայանի առաքելությունը» հարցին պատասխանել էր, որ եթե Ադրբեջանը Ղարաբաղի նկատմամբ ուժ կիրառի, ապա ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակում ռազմաբազան կարող է մասնակցել զինված հակամարտությանը:
Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ ռուս հրամանատարի այդ խոսքերն իրենց համար շատ պարզ են և նշանակում է են, որ եթե Ադրբեջանը ղարաբաղյան հարցում ռազմական որևէ փորձ կատարի, ապա Ռուսաստանն անտարբեր չի մնա, անհրաժեշտության դեպքում էլ ռազմական օգնություն կցուցաբերի:
«Պուտինի այցը Գյումրի, որի մասին հայկական և ռուսական մամուլը գուցեև շատ չխոսի, ըստ մեզ, կարևոր իրադարձություն է: Այդ այցելությամբ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծում է հայ-ռուսական դաշինքի ռազմական ասպեկտն ու դրա կարևորությունը և հիշեցնում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է»,- գրում է թուրք հոդվածագիրը:
Հարակից նյութ`
Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիական ճգնաժամը և արցախյան կոնֆլիկտը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին