Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են. «Մենք կփորձենք հնարավորինս առաջ տանել բանակցային գործընթացը»
Վաղը Կիևում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Դեկտեմբերի 4-5-ին Կիևում կայանալու է ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստ, որի շրջանակներում էլ կայանալու է այդ հանդիպումը:
«Մենք կփորձենք հնարավորինս առաջ տանել բանակցային գործընթացը: Իհարկե, կարևոր է գործընթացը կարգավորելու կողմերի ցանկությունը, բայց կարևոր է նաև, որ կարգավորման իրատես մոտեցում լինի: Այսպիսի իրատես մոտեցումը կարող է հիմնված լինել եռանախագահող երկրների նախագահների կողմից արված առաջարկների հիման վրա, որոնք հրապարակվել են հինգ հայտարարությունների մեջ»,- ասաց նախարարը:
Է. Նալբանդյանի խոսքով, Հայաստանը հայտարարել է, որ կողմ է այդ հայտարարություններում արված առաջարկների և սկզբունքների հիման վրա գնալ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը. «Եթե նույն վերաբերմունքը լինի Ադրբեջանի կողմից, հնարավոր կլինի առաջ շարժել բանակցային գործընթացը ու առավել մոտենալ հիմնախնդրի կարգավորմանը»:
Խոսելով նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, արտաքին գործերի նախարարը նշեց, որ այն գնահատվել է որպես կառուցողական հանդիպում: «Հույս ունենք, որ Վիեննայի հանդիպումը նոր հնարավորություններ է բացում»,- ասաց Է. Նալբանդյանը: