Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կարողությունների և ներուժի ներկայացումը` ցուցահանդեսի միջոցով
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպել են ցուցահանդես վաճառք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ հաշմանդամություն ունեցող երեխաների կարողություններն ու ներուժը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում ցուցադրվել են ասեղնագործության, խեցեգործության, կերամիկայի, փայտի փորագրության, բատիկայի և նկարչության, ավելի քան 70 ձեռքի աշխատանքներ:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպել է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ձեռքի աշխատանքների պատրաստումը:
«Սա եզակի հնարավորություն է նրանց համար իրենց ստեղծագործական հմտությունները զարգացնելու և գեղարվեստական ներուժն արտահայտելու համար: Հուսով ենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար նման հնարավորություններ ավելի շատ կլինեն ապագայում»,-նշել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ պրն Հակոբ Աբրահամյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տկն Հենրիետ Արենսը շնորհավորել է հաշմանդամություն ունեցող երեխաներին գեղեցիկ ձեռքի աշխատանքների համար:
«Այս ցուցահանդեսը ևս անգամ մեզ հիշեցնում է, որ մենք պետք է կենտրոնանանք երեխաների կարողությունների ու ներուժի վրա»,-ըստ աղբյուրի, նշել է տկն Արենսը և ավելացրել. «Հաշմանդամություն ունեցող երեխաները մյուս երեխաների նման ունեն հավասար իրավունքներ: Այդ իսկ նպատակով, նրանք պետք է լիարժեք օգտվեն իրենց իրավունքներից, մասնակիցը լինեն համայնքի միջոցառումներին` հաճախելով հանրակրթական դպրոց և օգտվելով առողջապահության և սոցիալական պաշտպանության ծառայություններից, ինչպես նաև իրենց հասակակիցների հետ խաղալու և ընկերանալու իրավունքից»:
Տկն Հենրիետ Արենսը նաև նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մոտ ապագայում կմեկնարկի հաշմանդամություն ունեցող երեխաներին նվիրված ազգային սոցիալական ներառման արշավ: Իրազեկման արշավի նպատակը կլինի ցույց տալ հաշմանդամություն ունեցող երեխաների կարողություններն ու ներուժը` դրանով իսկ նպատակ ունենալով հաղթահարել խտրական և կարծրատիպային վերաբերմունքը նրանց հանդեպ և աջակցելու նրանց լիարժեք ներառմանը հասարակություն: