Հայկական կոնյակ, ռուսական պրյանիկներ ու չաստուշկաներ. Հայ-ռուսական էքսպոյի բազմազանությունը (տեսանյութ)
Այնքան էլ հաճախ չի կարելի ռուսական ավանդական պրյանիկները կամ կուլիչները տեսնել հայկական կոնյակի, հաց ու պանրի, քաղցրահամ մրգերի հարևանությամբ: Նման հարևանությունը հնարավոր է թերևս միայն էքսպոյի ժամանակ, որն էլ այսօր մեկնարկեց Երևանում` «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում: Տաղավարները հարուստ ու գունեղ ապրանքատեսակներով էին` կոնյակ ու կվաս, սուշկիներ ու հայկական չրով կոնֆետներ: Ավելին` Շիրակի մարզի տաղավարը ցանկացողներին հրամցնում էր խորոված ստերլյադ, ինչից ելնելով այդ տարածքում տիրում էր ախորժակը գրգռող, բայց միջազգային ցուցահանդեսի համար անսովոր բուրմունք:
Էքսպոյում տիրող տրամադրությունը բարձր էր. մինչ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՌԴ Տրանսպորտի նախարար, Հայաստանի հետ տնտեսական համագործակցության հարցերով Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը շրջում էին տաղավարներով ու ծանոթանում Հայաստանի մարզերի կամ Ռուսաստանի շրջանների ներկայացրած բարիքներին, սրահում ռուսական տարազներով գեղեցկուհիները կատարում էին ռուսական ժողովրդական երգեր: Իսկ երբ պահի տակ ամբողջ սրահում ծիծաղ էր բռնում, նշանակում էր, որ գեղեցկուհիներն անցել են չաստուշկաների կատարմանը: Ի դեպ, երգչուհիները մեծ հաջողություն ունեցան էքսպոյի մասնակիցների շրջանում. շատերը երկար ժամանակով կանգ էին առնում նրանց հարևանությամբ, ունկնդրում, իրենց հիացմունքը հայտնում, ոմանք նույնիսկ մի գավաթ հայկական կոնյակով էին կանգ առնում գեղեցկուհիների մոտ:
Էքսպոյում, ինչպես նշեցինք, ներկայացված էին հայկական և ռուսական արտադրության ապրանքներ, ինչպես նաև Հայաստանի` ռուսական կապիտալով ձեռնարկությունները: Այսպես, առանձին տաղավարով հանդես եկավ «ВТБ-Հայաստան» բանկը, ՀԿԵԿ-ը և այլ խոշոր ընկերություններ:
Հիշեցնենք, նախօրեին Գյումրիում աշխատանքները սկսեց «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովը, որի մեկնարկին ելույթներով հանդես եկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այսօր համաժողովը շարունակվեց այլ ֆորմատով` ըստ սեկցիաների քննարկվում էին տարբեր հարցեր, հիմնականում տնտեսական ուղղվածության, որոնք տեղավորվում են Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության տրամաբանության մեջ:
Նախորդիվ`
Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտոնյաներ, նահանգապետներ, ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ
Ա.Լիխաչյով. ՄՄ-ին անդամակցելու որոշումը որոշակիորեն ազդեցություն կունենա Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան