«Газета.Ru». «Պուտինը Հայաստան եկավ՝ որպես հաղթող անհավասար պայքարում»
«Gazeta.ru» պարբերականը «Միություն՝ առանց սահմանների» վերտառությամբ ծավալուն հոդվածով անդրադարձել է նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պետական այցին:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Հայաստանը Մաքսային միություն կմտնի այն դռներով, որ նրա առաջ բացում է Ռուսաստանը: Երկուշաբթի Երևանում Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քննարկեցին Մաքսային միությանն ինտեգրվելու «ճանապարհային քարտեզը»: Չնայած միջոցառման բարձր կարգավիճակին՝ պետական այց, այն անցավ անկաշկանդ մթնոլորտում: Սկզբում Պուտինն այցելեց Գյումրի, նախկին Լենինական: Այստեղ է տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, որը, ինչպես հետո պարզվեց, առանցքային դեր է խաղացել Հայաստանի, Ռուսաստանի և ամբողջ Մաքսային միության միավորման մեջ:
Պուտինը Հայաստան եկավ՝ որպես հաղթող անհավասար պայքարում: Համակարտող կողմերը՝ մոտ երեք տասնյակ պետություններով Եվրամիության թիմը ընդդեմ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միության թիմի: Հաշիվը բացվեց անցյալ շաբաթ՝ 2:0 հօգուտ ԵՄ-ի: Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը:
Հաշվի տարբերությունը կարող էր ավելացնել Ուկրաինան, սակայն Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից մի քանի օր առաջ նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտքափոխվեց ինտեգրվել ԵՄ-ին: Նման իրավիճակ էր և Հայաստանի դեպքում, որը նույնպես մասնակցում է «Արևելյան գործընկերությանը»: Սարգսյանի հայտարարությունից հետո հաշիվը հավասարվեց, համենայն դեպս դեռ. երկու երկիր ինտեգրվում են ԵՄ-ին, երկուսը՝ դեռ ոչ: Վլադիմիր Պուտինը ժամանեց, որպեսզի ամրագրի այդ արդյունքը:
Ճիշտ է, Ադրբեջանն էլ կա, որը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագրից, սակայն դա որևէ մեկի հաշվին գրանցելը սխալ կլինի: Կրեմլի ակնհայտ դերը դրանում չկա: Ադրբեջանը, հրաժարվելով եվրաինտեգրումից, ցույց տվեց, որ տանում է սեփական խաղը՝ հաճախ փոխանցումներն ու սահանկումները համաձայնեցնելով Անկարայի, այլ ոչ թե Բրյուսելի հետ:
Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը, հավանաբար, ոմանց անսպասելի կամ պատահական թվաց, սակայն իրականում դա լիովին կանխատեսելի էր, վստահ է Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը: Նա կարծում է, որ օպտիմալ տարբերակն այն կլիներ, որ Հայաստանն ու Ռուսաստանը միասին լինեին Եվրամիության հետ:
«Ի՞նչն է խանգարում բոլորով միասին ստեղծել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ Եվրասիական միություն, ես չեմ հասկանում: Ինչո՞ւ պետք է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը դիտել որպես ԵՄ-ից Հայաստանի անջատում՝ հօգուտ Ռուսաստանի: Եվրոպայի վրա խաչ ոչ ոք չի քաշում»,- ասում է Թոսունյանը:
Չնայած, որ Հայաստանի առաջնորդը դեռ երեք ամիս առաջ հստակ խոստացավ ինտեգրվել Մաքսային միությանը, ինտրիգը պահպանվեց մինչև վերջին օրը: Սարգսյանին փորձում էին իրենց կողմը քաշել ինչպես եվրահանձնակատարները, այնպես էլ ներքին ընդդիմությունը:
Եվ չնայած Հայաստանի բնակչության երկու երրորդը հարցումների համաձայն հավանություն է տալիս Մաքսային միությանը միանալուն, ընդդիմությունը ուժգին ցնցում էր երկիրը:
«Մենք չենք ցանկանում գաղութացվել Ռուսաստանի կողմից: Հայաստանի ժողովուրդը իդիոտների հավաքածու չէ, որպեսզի ընտրի այն ուղին, որը տանում է դեգրադացման, այլ ոչ թե երկրի զարգացման»,- ցույցերի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Եվրամիությունը գործեց փափուկ: «ԵՄ դռները բաց ենք թողնում, եթե մտքափոխվեք», Բրյուսելից հաղորդում էին Երևանին: Եվ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ «կողմերը պայմանավորվեցին Հայաստան-ԵՄ եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրի թարմացման անհրաժեշտության շուրջ»: «Արևելյան գործընկերության» շրջանակում Հայաստանը հասցրել է ստորագրել միայն վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր:
Հայաստանի ղեկավարությունը խոստովանում է, որ չի հաշվարկել բոլոր ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ Մաքսային միությանը միանալու դեպքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Վիլնյուսում տեղի ունեցած ֆորումի ժամանակ: Սակայն մի քանի օր անց Հայաստանի ԱԳՆ- հայտնեց, որ Երևանն արդեն դեկտեմբերին կպատրաստի ՄՄ-ին ինտեգրվելու «ճանապարհային քարտեզը», իսկ մինչև փետրվար պատրաստ կլինի ստորագրել անդամակցության համաձայնագիրը:
Ինտեգրման գործընթացը ձգձգել չի պատրաստվում նաև Ռուսաստանը: Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը կստորագրվի ու կվավերացվի 2014թ.-ին, անցյալ շաբաթ հայտարարել է Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Սակայն ռիսկերը չեն հաշվարկվել նաև Մոսկվայի կողմից: Դրանցից գլխավորն այն է, թե ում՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի իրավասության ներքո պետք է լինի Լեռնային Ղարաբաղը:
«Հայաստանի ու Ղարաբաղի միջև չկա մաքսային սահման և չի կարող լինել»,- «Газета.Ru»-ին հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող Հանրապետության կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը:
Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը, հրավիրելով Հայաստանին Մաքսային միություն, դե ֆակտո ճանաչում են, որ Ղարաբաղի տարածքը Մաքսային միության տարածք է, վստահ է Մինասյանը:
Դա նշանակում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ղարաբաղի համար ուժային պայքարի դեպքում Ռուսաստանը պարտավորված կլինի մասնակցել հակամարտության կարգավորմանը ՀԱՊԿ շրջանակներում: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Իսկ Ադրբեջանը և նրա «ավագ եղբայր» Թուրքիան նախընտրում են ընկերություն անել ՆԱՏՕ-ի հետ:
Պուտինի այցը Հայաստանը, որն, ըստ էության, սկսվել է ռուսական ռազմաբազա կատարած այցով, վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունները կարող են զարգանա ռազմական համագործակցության և ռազմատեխնիկայի արտադրության գծով, պարզաբանում է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
«Հայաստանի համար ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ: ԵՄ-ն անվտանգության հարցեր չի քննարկում, պաշտպանության երաշխիքներ չի տալիս: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա այստեղ տնտեսական հարցերը կապված են անվտանգության հարցերի հետ»,- ասում է Հայաստանի նախկին վարչապետ, Հայաստանում 20-րդ դարի 90-ական թվականների սկզբների շուկայական բարեփոխումների հայր Հրանտ Բագրատյանը:
Երկրորդը խնդիրը՝ Հայաստանի և Մաքսային միության միջև չկա ընդհանուր սահման: Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևի խոսքով, Մաքսային միության հետ Հայաստանի միանալն առաջին հերթին քաղաքական որոշում է: Տնտեսական միության ստեղծումը հեշտ խնդիրներից չէ միասնական սահմանի բացակայության պայմաններում և բուֆերային պետությունների՝ Վրաստանի ու Ադրբեջանի առկայությամբ, որոնց հետ հարաբերությունները, մեղմ ասած, սառն են:
«Մաքսային սահմանները միացնելու երկու տարբերակ կա՝ Բաքուն շրջանցելով և Իրանի տարածքով Կասպից ծովի միջոցով: Սակայն դրան խոչընդոտում են Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները»,- ասում է Եվսեևը: Երկրորդ հնարավոր լուծումը՝ Սեև ծովի միջոցով Թուրքիայի տարածքով, որը վերջին ժամանակներում թեթևացրել է Հայաստանի շրջափակումը:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկրների միջև սահմանները ականապատված են թուրքական կողմից, սակայն ոչ մեծ առևտրաշրջանառություն երկրների միջև, այնուամենայնիվ, առկա է, մոտ $250մլն:
Վրաստանում իշխանության փոփոխությունից հետո կարելի է բեռների տեղափոխումը նրա տարածքով իրականացնելու հարց դնել, հստակեցնում է Եվսեևը, սակայն Մաքսային միությանը Հայաստանի միանալու այդ տարբերակին խանգարում է Վրաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու խնդիրը:
Մաքսային միությանը Հայաստանի միանալուց Ռուսաստանի համար էական տնտեսական էֆեկտ չարժե ակնկալել, գտնում է պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը փոքր է: ՌԴ դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2012թ.-ին առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր $1,2 մլրդ:
«Մեր երկրներն ունեն համագործակցության ընդլայնման հսկայական ներուժ»,- հակադարձում է Մանասերյանը: Ռուսաստանը նոր տեխնոլոգիաների կարիք ունի, որ կարող է տալ Հայաստանը: Այստեղ զարգացած է գյուղատնտեսությունը, Հայաստանը կարող է արտահանել ծիրան, դեղձ, բալ, սալոր, խաղող: Կոնսերվացված մրգեր: Հայաստանը արտահանում է իշխան և կենդանի խեցգետին: Տարեկան մոտ 500 տոննա խեցգետին: Իսկ այստեղ կոնյակ արտադրում են ավելի շատ, քան գինի և գարեջուր միասին վերցրած»:
Կարդացեք նաև`
«Կապված են սերտ համագործակցությամբ». «Ռուսաստանի ձայն»-ի անդրադարձը հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը
«Ընկերներին ամեն ինչ, իսկ թշնամիներին՝ օրենք». «ԿՊ»-ի անդրադարձը` Պուտինի Հայաստան կատարած այցին
«Պուտինը Երևանում` Եվրասիական ծրագիրը հաջողվա՞ծ է». «Ամերիկայի ձայն»-ի անդրադարձը
«Մոսկվան պետք է շահագրգիռ լինի տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման հարցում»
ՀՀ և ՌԴ նախագահների բանակցությունների արդյունքում տասնյակ փաստաթղթեր ստորագրվեցին. Ս. Սարգսյանը դրանք որակեց կարևորագույն
Նախագահների հայտարարություն. ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով
ՌԴ-ն Հայաստանին գազը կմատակարարի 189 դոլարով
«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պատրաստ է շահագործման». Հավատացրին երկու նախագահներին