«Ընկերներին ամեն ինչ, իսկ թշնամիներին՝ օրենք». «ԿՊ»-ի անդրադարձը` Պուտինի Հայաստան կատարած այցին
Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարել դեկտեմբերի 2-ի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցին:
Ըստ պարբերականի՝ Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած այցի արդյունքում վերջնականապես պարզ դարձավ, թե ինչ է ենթադրում նախագահ Վլադիմիր Պուտինի սիրած արտահայտությունը այն մասին, որ «Ընկերներին ամեն ինչ, իսկ թշնամիներին՝ օրենք»:
«Այցը ևս մեկ անգամ հավաստեց, որ Երևանը մեր ընկերն է: Ամենևին էլ պատահական չէր, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մամուլի համար նախատեսված ամփոփիչ հայտարարության ժամանակ ունեին բարձր տրամադրություն: Մինչ ռուսական պատվիրակության կազմում մեկնած պաշտոնյաները ամենատարբեր փաստաթղթեր էին ստորագրում, Պուտինը և Սարգսյանը տեսախցիկների առջև զրուցում էին, կատակում և նույնիսկ ժպտում»,- գրում է պարբերականը:
Ըստ պարբերականի՝ այցի ընթացքում հաջողվեց նաև պայմանավորվել գլխավոր հարցի շուրջ. «Հայաստանը անվերապահորեն հաստատում է Մաքսային միությանը անդամակացելու իր կուրսը և դրա դիմաց ստանում որոշակի տնտեսական առավելություններ: Հայաստանը այնքան ջանասիրաբար է աշխատում այս ուղղությամբ, որ արդեն հետին պլանում է թողել Ղրղզստանին, որը հավակնում էր դառնալ չորրորդ անդամը Մաքսային միությունում»,- նշել է պարբերականը:
«Մենք Մինսկում պայմանավորվել ենք՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայասատանի անդամակցության հարցում համատեղ աշխատելու հարցում, ստեղծել ենք համապատասխան աշխատանքային խմբեր, և ի զարմանս մեզ՝ հայկական կողմը գործում է ակտիվորեն: Անկեղծ ասած, մեզ անհարմար վիճակում է դնում, մենք հետ ենք մնում մեր հայ գործընկերներից»,- պարբերականը մեջբերել է ՌԴ նախագահի խոսքերը:
Ըստ պարբերականի՝ հայկական կողմի ակտիվությունը պայմանավորված է իր տնտեսական շահերի պրագմատիկ գնահատմամբ, որքանով, որ մուտքը ՄՄ Հայաստանին ընձեռնելու է տնտեսական ոլորտի հետ կապված առավելություններ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանում էր գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի շրջանակներում տեղի ունեցավ «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային Միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումը, ՀՀ-ՌԴ նախագահները ուղիղ միացմամբ հետևեցին «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը, ՌԴ նախագահը այցելեց Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա, իսկ ավելի ուշ արդեն նախագահական նստավայրում տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել էր. «Արդեն հիմա մենք ձեռնարկում ենք պրակտիկ քայլեր, որոնք էլ ավելի բարենպաստ կդարձնեն Հայաստանի տնտեսության վիճակը՝ ընդհուպ մինչև ամբողջական մուտքը ՄՄ: Գնի ձևավորման մեխանիզմը մեզ հնարավորություն է տալիս Հայաստանին հազար խմ-ի դիմաց գազ մատակարարել 189 դոլարով: Նույնը վերաբերում է նաև նավթին և նավթամքերքներին: Մենք միակողմնաիորեն վերացնում ենք արտահանման 30 տոկոս մաքսատուրքը՝ ստեղծելով Հայաստանի համար բարենպաստ պայմաններ՝ միանալու Մաքսային միությանը հնարավորինս արագ և առանց խորընդոտների»:
Կարդացե նաև`
ՀՀ և ՌԴ նախագահների բանակցությունների արդյունքում տասնյակ փաստաթղթեր ստորագրվեցին. Ս. Սարգսյանը դրանք որակեց կարևորագույն
Նախագահների հայտարարություն. ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով
ՌԴ-ն Հայաստանին գազը կմատակարարի 189 դոլարով
«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պատրաստ է շահագործման». Հավատացրին երկու նախագահներին