ԼՂՀ վարչապետ. «Ղարաբաղի բնակչությունն այսօր արդեն մոտենում է 150.000-ի»
«Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Ղարաբաղում տնտեսական ակտիվությունն ակնհայտ է: 2013թ-ին ԼՂՀ-ում կարձանագրվի ինը տոկոս տնտեսական աճ: Այս ցուցանիշը պահպանվում է արդեն վեց տարի»,- այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
-Պարոն վարչապետ, նոյեմբերի 28-ին անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ողջ հասույթն ուղղվելու է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Ինչպիսի՞ նշանակություն ունի այդ ճանապարհի կառուցումն ու ի՞նչ խնդիրներ կլուծի:
-Ճանապարհի կառուցումը ռազմավարական, քաղաքական, տնտեսական և սոցիալական ուղղություններով դրական ազդեցություն կունենա: Արցախի հյուսիսային թևը Հայաստանի հետ կապող ճանապարհը վատթար վիճակում է և հաճախակի փակվում է սողանքների կամ ձյան պատճառով: Իսկ Ղարաբաղի հյուսիսային թևը Հայաստանի հետ Գորիս-Ստեփանակերտ գործող ճանապարհով կապելը տնտեսապես ճիշտ չէ: Ճանապարհի կառուցման շնորհիվ Հայաստանի հետ Քարվաճառի և Մարտակերտի կապն ավելի կուժեղանա ու տնտեսական լուրջ հնարավորություններ կստեղծի: Արցախի հյուսիսային թևը հարուստ է ընդերքով, և այն օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ: Ճանապարհի կառուցմանը զուգահեռ էլեկտրականության գիծ էլ կկառուցենք, քանի որ ապագայի տնտեսական ծրագրերը հնարավոր կլինի կյանքի կոչել այդ երկու կարևոր ենթակառուցվածքների առկայության դեպքում: Ճանապարհի կառուցումը լուրջ խթան կհանդիսանա նաև զբոսաշրջության զարգացման համար, քանի որ Արցախի հյուսիսային հատվածը թե՛ պատմական հուշարձանների, թե՛ բնության տեսանկյունից շատ գրավիչ է: Սոցիալական առումով ճանապարհը կնպաստի այդ շրջանի բնակիչների կյանքի որակի լավացմանն ու կստեղծի բարենպաստ պայմաններ:
-Ղարաբաղում այսօր երկու լուրջ նախագիծ է մշակվում երկրի վերաբնակեցված շրջանների զարգացման կապակցությամբ:
-Ղարաբաղում վերաբնակեցումը սկսվել է 1994-1995 թթ., և այդ ծրագրերը մինչև այսօր գործում են: Բայց մենք խնդիր ունեցանք, երբ 2000-2007 թվականին սկսվեց վերաբնակեցված շրջաններից արտահոսքը: Դա պայմանավորված էր Հայաստանի տնտեսական ակտիվությամբ, և քաղաքացիների մի մասը, որ միայն պարենային խնդիրների պատճառով էր տեղափոխվել Ղարաբաղ, հեռացավ: Մյուս մասն էլ լքեց իրենց տները, քանի որ բացակայում էին ենթակառուցվածքները, աշխատատեղեր չկային` ինչը խանգարում էր ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ: Հետևաբար, մենք սկսեցինք խոսել ու աշխատել ոչ թե վերաբնակեցման, այլ վերաբնակեցված շրջանների զարգացման ուղղությամբ: Մեր ուշադրության կենտրոնում են ենթակառուցվածքների զարգացումը, վարկային ռեսուրսների տրամադրումը, աշխատատեղերի ստեղծումը: Կարող եմ ասել, որ վերաբնակեցման երկրորդ շնչառությունը դրական ազդեցություն ունեցավ: 2007-2012 թթ. Քաշաթաղի բնակչությունն ավելացավ 3000-ով, Շահումյանում վերաբնակվողների թիվը թեպետ ավելի համեստ է, սակայն ավելի կարևոր էր փաստը, որ արտահոսքը դադարեց, և արձանագրեցինք աճ: Վերաբնակեցման ուղղությամբ երկու ծրագիր է իրականացվում`վիճակախաղը և Արաքսի ափին վերաբնակեցման նախաձեռնությունը, որոնք լուրջ խթան կհանդիսանան բնակիչների սոցիալական, կենցաղային, բնակարանային խնդիրների լուծման գործում, իսկ Արաքսի ափին հողերի մշակման ծրագիրը կհանգեցնի նրան, որ կստեղծվեն աշխատատեղեր, բնակիչները կունենան կայուն եկամուտներ, ինչն իր հերթին կխթանի շրջանների զարգացումը:
Պետության իրականացրած ծրագրերի արդյունքում ծնելիությունն աճել է, միգրացիոն երևույթները դրական են: Վերջին տարիներին միգրացիոն տեմպերը մի քիչ նվազել են, սակայն կարևորն այն է, որ ցուցանիշը բացասական չէ, և այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում` ակտիվացնելու մեխանիկական աճը: Ղարաբաղի բնակչությունն այսօր արդեն մոտենում է 150.000-ի:
- Պարոն վարչապետ, այսօր Արցախում ապրում են մի քանի տասնյակ սիրիահայ փախստականներ: Ի՞նչ ծրագրեր են իրականացվում նրանց համար, և միջազգային հանրությունը թեկուզ չճանաչված ԼՂՀ-ի պարագայում արդյոք որևէ կերպ օժանդակե՞ց նրանց:
-Արցախում այսօր բնակվում է երեսուն սիրիահայ ընտանիք: Մենք փորձում ենք լուծել նրանց կենցաղային խնդիրները: Արցախ տեղափոխվել և այնտեղ բնակվել ցանկացողների թիվն ավելի շատ է, սակայն ֆինանսական խնդիրները կապում են մեր ձեռքերը: Հենց այդ նպատակով ձեռնարկված վիճակախաղի ծրագիրը կնպաստի բնակարանային, կենցաղային խնդիրների լուծմանն ու նաև նոր ընտանիքների տեղավորման հնարավորություններ ստեղծելուն: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա նրանից ոչ մի աջակցություն չենք տեսել: Հիմնական օժանդակությունը ցուցաբերում է Արցախի կառավարությունը: Գործում են արտոնյալ վարկային ռեսուրսներ, վարձակալության հիմունքներով անմշակ հողեր ենք տրամադրում և ցանկացած նախագծի փորձում ենք աջակցել մեր հնարավորությունների սահմաններում:
- Արցախի վարչապետը ո՞ր ոլորտներում է խորհուրդ տալիս աշխատել այն բիզնեսմենին, ով ցանկանում է Արցախում ներդրում կատարել: Ո՞րն է գրավիչ և որտե՞ղ է ապագան:
-Ուղղությունները բազմաթիվ են: Գյուղատնտեսության ոլորտում շատ մեծ ռեսուրսներ կան, հիդրոէներգետիկ ոլորտում` նույնպես` բաժնետոմսեր գնելուց մինչև շինարարություն, կարող ենք առաջարկություններ ներկայացնել թեթև արդյունաբերության ոլորտում: Հատկապես գյուղմթերքների վերամշակման առումով ունենք լայն հնարավորություններ:
-Ի՞նչն է գրավում զբոսաշրջիկին Արցախում, և ի՞նչ է արվում զբոսաշրջության ոլորտն առավել զարգացնելու ուղղությամբ:
-Նախ` Ղարաբաղում շատ բարյացակամ ենք զբոսաշրջիկի նկատմամբ: Ղարաբաղյան հյուրասիրությունը միշտ էլ կարևոր է զբոսաշրջիկի հետ հարաբերություններում, փորձում ենք ավելի հարմարավետ, գեղեցիկ հարաբերվել զբոսաշրջիկի հետ, բացն էլ լրացնում են մեր երկնքի պարզությունն ու գեղեցիկ բնությունը, որոնք ավելի գրավիչ են դարձնում Ղարաբաղը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա