Ռումբ, որը դանդաղ է պայթում. Հայաստանում բացվող օտարերկրյա բուհերի մասին
Հայաստանի կրթական շուկան գերհագեցած է ուսումնական հաստատություններով, ասում է «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր, «Օհանյան» կրթահամալիրի հիմնադիր Սուրեն Օհանյանը: «Ցավոք, այնքան շատ են, որ դեգրադացվել է»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնում նա և հավելում, որ հաճախ կրթության նկատմամբ թյուր վերաբերմունք է առաջանում բուհերի քանակից ելնելով:
Սուրեն Օհանյանի բնորոշմամբ` եղան ուսումնական հաստատություններ, որոնք իրենց առջև դրած կրթական խնդիրները թողած զբաղվեցին այլ հարցերով, դրա համար էլ այսօր կանգնել են փաստի առաջ. «Միթե՞ կարելի է քսան տարի բուհ կառուցել և անձնական տանիքը չունենալ կամ անձնական պահանջներով կրթական գործունեություն չիրականացնել: Կարծում եմ` քսան տարին բավարար է այդ ձևով աշխատելու համար: Եվ ահա օգտվելով այն հանգամանքից, որ բուհերն իրենց բարձրության վրա չեն, որոշ կազմակերպություններ նախաձեռնում են դրսից Հայաստան, ինչպես ժողովուրդն է ասում «շիթիլ անել», բերել տեղադրել բուհեր»:
Ինչ վերաբերում է Հայաստանում բացվելիք Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղին, ապա, ըստ Սուրեն Օհանյանի, այդ հաստատությունն իր նախկին փառքը չունի այսօր, բայց երբ բացվի, ավանդույթի ուժով ուսանողները հերթ են կանգնելու:
Հարցը կոնկրետ այդ ուսումնական հաստատությունը չէ, հարցն ավելի խորը արմատներ ունի. Փոխվում է մշակույթը, օտարերկրյա լեզվի շրջանակներն են լայնանում, կամա, թե ակամա գրականությունն է դառնում այդ լեզվով, ասում է «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտորն ու շարունակում շարքը. «Ռուսերեն, ֆրանսերեն կամ մեկ այլ լեզվով բուհ ավարտած ուսանողը նախընտրում է աշխատանք փնտրել դրսում: Սա, կարծեք թե, մի ռումբ է, որը դանդաղ է պայթում և դրա հետևանքները շատ վտանգավոր են մեր ազգային շահերից ելնելով»:
Սուրեն Օհանյանն այն կարծիքին է, որ Հայաստանի կրթական շուկան ուսումնական հաստատություններով գերհագեցած է, և ցանկացած մարդ, ով ուզում է որակյալ կրթությյուն ստանալ, կարող է ստանալ: «Կարող է մի քիչ ոչ լիարժեք լինել, բայց այն վիճակը չէ, որ դրսից բուհ բերենք: Մեր կրթական դաշտում գործող բուհերը կարող են լիարժեք բավարարել այն պահանջները, որ ակնկալվում են դրսի բուհերից: Ինձ թվում է, որ մի քանի օրից կխոսեն չինական համալսարանի բացման մասին, այդպես չի կարելի»,- ասում է նա:
Իսկ ինչո՞ւ հակառակը չենք փորձում իրականացնել, հարցնում է Սուրեն Օհանյանն ու պատմում, որ ինքը փորձել է իրենց համալսարանի մասնաճյուղը բացել Ռուսաստանում, որտեղ հայկական լուրջ գաղթօջախներ կան: «Դուք գիտե՞ք ինչ պրոբլեմներ սարքեցին, որ տակը մնում էր ասել` մենք չենք ուզում, որ դուք այստեղ ունենաք ձեր մասնաճյուղը: Դաշտը պետք է ազատ լինի, որ մարդիկ գնան, որտեղ կուզեն սովորեն ու վերադառնան, բայց այստեղ բացել նման բուհեր ու խփել ազգային ուսումնական հաստատություններին, զրկել նրանց լավ դասախոսներից և լավ ուսանողներից, կարծում եմ անթույլատրելի է»,- նշում է ռեկտորը:
Նա ցանկություն է հայտնում, որ Ջավախքում, Մոսկվայում բացվեն հայկական բուհերի մասնաճյուղեր. «Թող համարժեքորեն թույլ տան մենք էլ այնտեղ բացենք, բայց չկա այդպիսի համարժեքություն: Նրանք թույլ չեն տալիս, իսկ մենք որևէ սահմանափակում չունենք` առանց հասկանալու, թե հետագայում ինչ նեգատիվ երևույթներ են լինելու»:
Կարդացեք նաև`
Աշոտյանն ու Սադովնիչին քննարկել են ՄՊՀ Երևանի մասնաճյուղի բացման եզրափակիչ հարցերը
Մոսկվայի համալսարանի մասնաճյուղը` ՀՀ-ում. Ո՞րն է ռուսական երկրորդ բուհն ունենալու անհրաժեշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա