Վիգեն Սարգսյան. Շարքային սպառողի համար գազի սակագինը կմնա նույնը (Տեսանյութ)
Հայաստանում սպառողների համար գազի սակագինը նախօրեին ստորագրված հայ-ռուսական համաձայնագրերի գործողության արդյունքում փոփոխությունների չի ենթարկվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա միաժամանակ ընդգծեց, որ ռուսական կողմի հետ համաձայնության արդյունքը գնի կայունության ապահովումն էր:
«Գազի առումով մենք երեկ ունեցանք շատ կարևոր պայմանավորվածություն: Մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման սակագնի հաշվարկման ֆորմուլան, և դա շատ կարևոր է, որովհետև նախկին 5 տարվա ընթացքում մենք 5 անգամ գնի փոփոխություն ենք ունեցել: Եվ թեև դա սպառողի համար ամեն անգամ չի արտացոլվել գնի բարձրացմամբ, բայց ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով հնարավոր է եղել փոխհատուցել դա՝ առանց սպառողի շահերին հարվածելու»,- նշեց Վիգեն Սարգսյանն ու տեղեկացրեց, որ նախորդ տարիների ընթացքում գազի սակագնի բարձրացման հետևանքով լրացուցիչ բեռ է ստեղծվել տնտեսության համար, բյուջեի համար, որը ռուսական կողմին փոխհատուցվել է «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու ձևով:
Նրա խոսքով, Հայաստանի կառավարությանը պատկանող մասնաբաժինը ռուսական կողմին փոխանցվել է՝ «փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը», որը գոյանում էր սահմանի վրա հաշվարկվող մատակարարման գնի և սպառողի համար հաշվարկված գնի միջև:
Արդյունքում` թեև Ռուսաստանը նախօրեի համաձայնություններով զրոյացնում է գազի արտահանման մաքսատուրքը, այսինքն՝ Հայաստանն այսուհետ ձեռք կբերի բանակցված սակագնից մոտ 30 տոկոսով էժան, բայց Հայաստանի տարածքում իրացման սակագները չեն վերանայվի:
«Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի ավելանա, որովհետև գազի այն գինը, որ դրված էր պայմանագրում, ի սկզբանե 30 տոկոսով ավելի բարձր էր, քան այն գինը, որ օգտագործվել է սակագնի այս վերջին բարձրացման ժամանակ հաշվարկ կատարելիս: Այսինքն՝ 270 դոլարի փոխարեն հաշվարկի մեջ օգտագործվել է 189, որն էլ եղավ այն թիվը, որի վրա փաստորեն մենք կարողացանք բանակցել և պայմանավորվել երեկ ռուսական կողմի հետ»,- նշեց Վիգեն Սարգսյանը և վստահեցրեց, որ եթե ռուսական կողմի հետ բանակցությունները հաջող ավարտ չունենային, Հայաստանը ստիպված կլիներ կրկին վերանայել ներքին սակագները.
«Եթե այդ բանակցությունները հաջողության չբերեին, և եթե մենք չունենայինք երեկվա ստորագրված պայմանագիրը, ապա սակագնի հերթական վերանայման կարիք կարող էր առաջանալ, որից մենք փաստորեն կարողացանք խուսափել ոչ միայն այսօրվա համար, այլ առաջիկա հինգ տարվա համար: Կարողացանք ունենալ որոշակի վստահության պաշար գազի գնի վերաբերյալ, քանի որ Հայաստան մատակարարվող գազի գինը փոխշաղկապվեց Ռուսաստանի ներքին սակագնի հետ, և դա շատ մեծ առավելություն է»:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի պետական այցի արդյունքներով երեկ Երևանում նախագահների միջև կայացած բանակցություններից հետո ստորագրվել էին մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնցից 3-ն առնչվում էին գազի ոլորտին: Մասնավորապես, Հայաստան բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը:
Նախորդող հրապարակումներ`
Վիգեն Սարգսյան. Ակցիաները բնական են և բաց հասարակություններին բնորոշ
Վիգեն Սարգսյան. ՌԴ նախագահի պետական այցը բացառիկ էր (Տեսանյութ)
ՌԴ-ն Հայաստանին գազը կմատակարարի 189 դոլարով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան