Տ.Վալովայա. Շատ ցուցանիշներով Հայաստանը ոչ միայն չի զիջում ՄՄ երկրներին, այլև որոշ առաջադիմություն ունի նրանց նկատմամբ
Չկան այնպիսի գործոններ, որոնք կարող են խոչընդոտել Հայաստանի մուտքը Մաքսային միություն: Այս մասին «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:
Նրա խոսքով, հիմնականում մատնանշվում է, որպես խոչընդոտ, այն հանգամանքը, թե Հայաստանն ու ՌԴ-ն չունեն ընդհանուր սահման, սակայն սա, ըստ նախարարի, չի կարող խոչընդոտ հանդիսանալ. «Միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ ընդհանուր սահման չունենալը ամենևին էլ չի խանգարում հարաբերությունների զարգացմանը: Նույնիսկ հակառակը` կարճատև հեռանկարում ընդհանուր սահման չունենալը նույնիսկ հեշտացնում է Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, քանի որ զերծ կմնանք որոշակի թղթաբանական և այլ գործընթացներից, որոնք առկա են սահմանային հարաբերություններում»,- նշեց նախարարը:
Տ.Վալովայան ընդգծեց, որ Հայաստանը վերջին տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրել կառուցվածքային բարեփոխումների առումով և շատ ոլորտներ զարգացում են ապրել. «Ես կասեի, որ շատ ցուցանիշներով Հայաստանը ոչ միայն չի զիջում Մաքսային միության երկրներին, այլև որոշակիորեն առաջադիմություն ունի նրանց նկատմամբ, ինչն էլ երևում է «Doing business»-ի ռեյտինգային աղյուսակից, որտեղ Հայաստանը ավելի բարձր դիրքերում է, քան ՄՄ-ի պետությունները: Սա նշանակում է, որ անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը ոչ միայն առավելություններ է ստանում իր համար, այլև միության կոնտեքստում առկա բիզնեսը նույնպես կստանա մեծ առավելություններ, որովհետև պետությունները կսկսեն մրցել ոչ միայն բիզնեսում, այլև ազգային բյուրոկրատիայի մակարդակում»,- հայտարարեց Տատյանա Վալովայան:
Նա նաև նշեց, որ Ռուսաստանում վստահ են, որ Հայաստանը կդառնա Եվրասիական միության անդամ և դա իսկապես կավելացնի ոչ միայն Հայաստանի տնտեսության մրցունակությունը, այլև այն բոլոր պետությունների, որոնք կմասնակցեն իրենց ինտեգրացիոն պրոեկտում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան