ՄԱԿ-ը նոյեմբերին 3.4 միլիոն սիրիացու սնունդ է մատակարարել
ՄԱԿ-ը հայտարարել է, որ նոյեմբերին Սիրիայում կարողացել է սնունդ մատակարարել 3.4 միլիոն մարդու, այսինքն` այնքան, ինչքան նախորդ ամիս: Նախատեսվել էր, որ սնունդ հասցվելու էր 4 միլիոն մարդու, սակայն ավելի ու ավելի թեժացող կռիվները թույլ չեն տալիս հասնել կարիքավորներին:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Պարենի համաշխարհային ծրագրին հաջողվել է նոյեմբերին մուտք գործել Սիրիայի 8 շրջան, որոնք ամիսներ շարունակ կտրված են եղել աշխարհից: ՄԱԿ գործակալության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմնականում օգնություն են ցուցաբերել Հոմսի և Դերաայի բնակչությանը:
«Ինչևէ, մենք խորը մտահոգված ենք շատ սիրիացիների ճակատագրով, ովքեր դեռ շրջափակված են հակամարտության տարբեր գոտիներում, այդ թվում և Դամասկոսում ու Հասակայում, որի որոշ շրջաններ սնունդ չեն ստացել վեց ամիս շարունակ»,-ասվում է հայտարարության մեջ: