Վիգեն Սարգսյան. Ակցիաները բնական են և բաց հասարակություններին բնորոշ (Տեսանյութ)
Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված նախօրեին կայացած հասարակական ակցիաները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բնական է համարում և գտնում է, որ դրանք բաց հասարակությանը բնորոշ են: Այս մասին նա նշեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Ռուսաստանի նախագահի այցին ընդառաջ և այցին զուգահեռ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներին`Վիգեն Սարգսյանը մասնավորապես ասաց.
«Եվ ներքին, և արտաքին քաղաքականության ոլորտում ցանկացած որոշում, քայլ, հանդիպում որևէ հասարակության մեջ, եթե դա տոտալիտար փակ հասարակություն չէ, պետք է առաջացնի բազմակարծություն: Այսինքն` պետք է լինեն մարդիկ, ովքեր ավելի կնախընտրեն, որ Հայաստան ժամանի մեկ այլ երկրի նախագահ, պետք է լինեն մարդիկ, որ պետք է համարեն, որ Մաքսային միության անդամակցելու ձգտումը, որոշումը սխալ է, և դրա փոխարեն պետք էր մեկ այլ որոշում կայացնել: Հենց դրանով է հանրային իշխանությունը և պետական կառավարման համակարգը քաղաքականացվում: Հանրապետության նախագահը, խորհրդարանը կառավարությունը, կայացնում են որոշումներ, իրականացնում են քաղաքական որոշումներից բխող քայլեր, որոնք արտացոլում են իրենց մոտեցումը տվյալ իրավիճակում պետության շահերին համապատասխանության կամ առավել արդյունավետ ծառայելու խնդիրների շուրջ: Ես կարծում եմ, որ երեկվա այն ցույցերը, որոնք դեմ էին կամ վերապահմամբ էին մոտենում ՌԴ նախագահի այցին, կարող են բնութագրվել այդ կոնտեքստում, նամանավանդ որ, կարծես թե, բոլոր կողմերը` և իրավապահ մարմինները, չանցան բարեբախտաբար այն գիծը, որ այդ քաղաքական կամքի, դիրքորոշման արտահայտությունը ընդուներ անթույլատրելի արտացոլումներ: Հետևաբար՝ ես կարծում եմ, որ այդպիսի ցույցեր, այդպիսի կարծիքներ, կամքի արտահայտում, բնական պետք է լինի հասարակության համար, եթե այն փակ հասարակություն չի: Իսկ մենք, կարծես թե, արդեն շուտվանից փակ հասարակություն չենք»:
Կարդացեք նաև`
Վիգեն Սարգսյան. Պուտինի այցը կխթանի Գյումրու ռազմաբազայի արդիականացմանը
Վիգեն Սարգսյան. ՌԴ նախագահի պետական այցը բացառիկ էր (Տեսանյութ)
Վիգեն Սարգսյան. Շարքային սպառողի համար գազի սակագինը կմնա նույնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան