Վ. Սարգսյան. Հայաստանի համար դոնորների մեծ համաժողովը կարող է կայանալ 2014թ-ին
Հայ-ռուսական համագործակցության խորացման առաջնային խնդիրը ենթակառուցվածքների զարգացման ծրագրերն են, ռուսական կողմի մասնակցությունն է Հայաստանում իրականացվող և իրականացվելիք մեծ ենթակառուցվածքային ծրագրերին, ճանապարհների, հատկապես երկաթգծի շահագործման վերականգնումն է այն հատվածներում, որտեղ այն ընդհատված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ ռուսական կողմի հետ կա պայմանավորվածություն Հայաստանի համար դոնորների մեծ համաժողով կազմակերպելու հարցում, որն էլ ուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը:
«Մենք ռուսական կողմի հետ աշխատում ենք Հայաստանի համար դոնորների մեծ համաժողով կազմակերպելու ուղղությամբ՝ Համաշխարհային բանկի մասնակցությամբ: Ենթադրվում է, որ այդ համաժողովը կարող է կայանալ 2014թ.-ի առաջին կիսամյակում, ամռան առաջին օրերին կամ շաբաթներին: Եվ այդ համաժողովի հիմնական խնդիրը լինելու է գտնել ֆինանսավորում մեծ ծրագրերի համար, որոնք ունեն ենթակառուցվածքային նշանակություն Հայաստանի տնտեսության հետագա առաջմղման և խթանման համար»,- ասաց Վ. Սարգսյանը:
Նա մանրամասնեց, որ խոսքը և՛ երկաթգծի, և՛ ճանապարհային ենթակառուցվածքների, և՛ էներգետիկ բնագավառում Հայաստանի հզորությունների ավելացման, ուժեղացման մասին է:
«Դուք գիտեք, որ երեկ լիարժեք շահագործման հանձնվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, որը գերարդիական սարքավորումներով և տեխնոլոգիաներով էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություն է, որը գալիս է լրացնելու մեր էներգետիկ անվտանգության ընդհանուր պատկերը: Մենք իրոք սեպտեմբերի 3-ից հետո բավական մեծ աշխատանք կատարեցինք»,- ընդգծեց Վ. Սարգսյանը
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հավելեց, որ երեկ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագիրը, որով կարգավորվում են Հայաստան հումքային ապրանքների՝ նավթամթերքի, բնական գազի, չմշակված անդամանդների ներկրման խնդիրները, պետք է ուժի մեջ մտնի ստորագրման պահից 20-րդ օրը:
«Այսինքն` մենք կարող ենք ակնկալել, որ դեկտեմբերի 22-ին արդեն ուժի մեջ մտած կլինի, և դրանից հետո Ռուսաստանն ու Հայաստանը աշխատանքային կարգով պետք է հաստատեն արձանագրություններ, որոնցով սահմանվի ընթացակարգը՝ և՛ հաշվարկի, և՛ մատակարարման: Դա նախատեսվում է անել մինչև տարեվերջ, այսինքն՝ մեր ձգտումն այն է, որ 2014թ.-ի հունվարի 1-ից այդ համաձայնագիրը կարողանա կիրառելի լինել, և սպառողը զգա դրա հնարավոր ազդեցությունն իր վրա»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:
Կարդացեք նաև`
Վ. Սարգսյան. Հայաստանն ամբողջությամբ վաղաժամ մարել է 500 մլն դոլար ռուսական վարկը (Տեսանյութ)
Վ. Սարգսյան. Ռուսաստանը զրոյացրեց արտահանման մաքսատուրքերը մինչև Մաքսային միությանը Հայաստանի միանալը (Տեսանյութ)
Վիգեն Սարգսյան. Պուտինի այցը կխթանի Գյումրու ռազմաբազայի արդիականացմանը (Տեսանյութ)
Վիգեն Սարգսյան. Ակցիաները բնական են և բաց հասարակություններին բնորոշ
Վիգեն Սարգսյան. ՌԴ նախագահի պետական այցը բացառիկ էր (Տեսանյութ)
Վիգեն Սարգսյան. Շարքային սպառողի համար գազի սակագինը կմնա նույնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան