Բրիտանիայում հետաքննում են Սնոուդենի նյութերը հրապարակած «The Guardian» թերթի գործունեության օրինականությունը
Բրիտանիայի ՆԳ նախարարությունը ուսումնասիրում է, թե արդյոք «The Guardian» պարբերականի լրագրողները չեն խախտել Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական օրենսդրությունը, հրապարակելով ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի գաղտնազերծած նյութերը: Այս մասին հաղորդում է «RT» հեռուստաընկերությունը:
Բրիտանական հակաահաբեկչական օրենսդրության համաձայն, գաղտնի տեղեկատվության մասին օրենքի խախտման դեպքում մինչև տասը տարվա ազատազրկում է սպառնում հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին: Բացի այդ, Հակաահաբեկչական ակտի 58A հոդվածով հակաօրինական է համարվում հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների գործունեությանն առնչվող որևէ տեղեկատվության հրապարակումը կամ նույնիսկ փոխանցումը:
Նախօրեին Բրիտանիայի համայնքների պալատի ներքին գործերի հանձնաժողովում հարցի շուրջ լսումներ են ընթացել, որի ժամանակ Լոնդոնի ոստիկանության պետի տեղակալ Քրեսիդ Դիքն հայտարարել է. «Երբ դիտում ենք այդ նյութերը, հնարավոր ենք համարում, որ լրատվամիջոցների որոշ աշխատակիցներ օրինախախտություն են թույլ տվել: Հարկ է սահմանել, կա արդյոք հանցակազմ նրանց գործողությունների մեջ, թե՝ ոչ; Այդ ամենը ենթադրում է փաստաթղթերի լիարժեք ուսումնասիրություն»:
«The Guardian» թերթի գլխավոր խմբագիր Ալան Ռասփրիջերն, ով ևս ելույթ է ունեցել լսումների ժամանակ, հայտարարել է, թե իշխանություններին չի հաջողվի ահաբեկել լրագրողներին: Նրա խոսքերով, պարբերականը հրապարակել է Էդուարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի նյութերի ընդամենը 1 տոկոսը:
Հիշեցնենք, սույն թվականի օգոստոսի 19-ին բրիտանական իշխանությունները թերթի խմբագրությունից պահանջել էին վերացնել Էդուարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի նյութերի թղթապանակը: Ավելի ուշ Կառավարական կապի կենտրոնի աշխատակիցները ժամանել էին խմբագրություն և վերացրել հրապարակման ենթակա նոր նյութեր պարունակող խտասկավառակները: Միջադեպից հետո «The Guardian»-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասփրիջերն հայտարարել էր, թե պարբերականը կշարունակի հրապարակումները, այս անգամ` արտերկրից:
Իրավապաշտպաններն ու փորձագետներն արդեն հանդես են եկել ի պաշտպանություն թերթի: Հակաահաբեկչական հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Բեն Էմերսոնը, մասնավորապես, հոդված է հրապարակել թերթում, որում քննադատել է խորհրդարանականների որդեգրած քաղաքականությունը լրատվամիջոցների նկատմամբ:
«Այն ապշեցուցիչ պնդումները, թե նման լրագրությունը կարող է դիտարկվել որպես ահաբեկչությունը խրախուսելու կամ աջակցելու փորձ, պետք է վճռականորեն մերժվի», - գրում է Էմերսոնը: Նա իրավապահ մարմինների գործողությունները որակել է որպես ազատ մամուլի գործունեությանը միջամտելու փորձ, որը նպատակ է հետապնդում շեղել հասարակության ուշադրությունն լուրջ հարցերից, մինչդեռ հենց ազատ մամուլն է պարտավոր ապահովել կառավարության գործունեության թափանցիկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում