Իրանը պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթգծի իր հատվածը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների դրական հանգուցալուծումն ու պատժամիջոցների վերացումը հնարավորություն կտան շարունակել և խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Հաղորդում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:
«Միջուկային ծրագրի պատրվակով պատժամիջոցները չափազանց խիստ էին ու անօրինական, մեր բարեկամ երկրի` Հայաստանի հետ մեր որոշ համաձայնությունների ուշացումը կամ հետաձգումը պայմանավորված է եղել ֆինասական և բանկային խնդիրներով: Չնայած այդ պատժամիջոցներին` Հայաստանի հետ մեր տնտեսական համագործակցությունը շարունակվում է: Իրանի կառավարության աջակցությամբ Ագարակ քաղաքում և շրջակա գյուղերում իրականացվում է գազիֆիկացման ծրագիր: Երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի հետ կապված բանկային խոչընդոտները նույնպես վերացված են», - հայտարարել է Իրանի դեսպանը:
Մոհամմադ Ռեյիսին վստահեցրել է, որ Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի աշխատանքները կվերսկսվեն ֆինանսաբանկային հարցերը լուծելուց անմիջապես հետո: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին նախարարը նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը Հայաստանի իշխանություններին հայտնել է, որ պատրաստ է կառուցել Ջուլֆա-Մեղրի սահմանային կետի իրենց հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը ֆինանսական միջոցներ կհայթայթի իր մասի համար:
«Եթե կգտնվեն ներդրողներ և հնարավոր լինի կառուցել երկաթգիծը Հայաստանի տարածքում, որն էլ այնուհետև կմիանա Վրաստանին ու Ռուսաստանին, մենք պատրաստ ենք մեր պետական բյուջեի միջոցներով այդ հատվածը կառուցել: Մենք պատրաստ ենք աջակցել նաև մեր փորձի փոխանակմամբ, քանի որ Իրանն ունի ինժեներատեխնիկական լայն հնարավորություններ և մեծ փորձ երկաթգծերի կառուցման ոլորտում», - ասել է դեսպանը:
Դեսպանի խոսքերով` Իրանի միջուկային ծրագրերի շուրջ համաձայնության ձեռքբերումը և կայունության հաստատումը կայունության կբերի նաև ողջ Մերձավոր Արևելքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում