«Իզվեստիա»-ի անդրադարձը Պուտին-Ռուզինսկի առանձնազրույցին
Ռուսական «Իզվեստիա» թերթն անդրադարձ է կատարել դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցին:
«Ռուսաստանը փոխադարձությամբ պատասխանեց Հայաստանին» վերտառությամբ հոդվածում թերթը առանձնահատուկ շեշտադրել է նախագահներ Պուտինի և Սարգսյանի այցը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազա, որը միակ ռուսական ռազմաբազան է Հարավային Կովկասում: Այն ներառում է երեք մոտոհրաձգային, զենիթահրթիռային, հրետանային գունդ և տանկային գումարտակ: Ռազամաբազայում ծառայում է չորս հազար զինծառայող: Այնտեղ տեղակայված է շուրջ հազար միավոր տեխնիկա՝ այդ թվում ՀՕՊ C-300, «Գրադ» համակարգեր, T-72Б և БМП-2 տանկեր:
Թերթի տեղեկացմամբ ռազմական տեխնիկայի հետ ծանոթանալուց հետո, ՌԴ նախագահը առանձնազրույց է ունեցել բազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հետ:
«Նախագահն ինձ հարցրեց տեղի բնակչության և իշխանությունների հետ հարաբերությունների մասին, պատասխանեցի, որ ամեն ինչ լավ է»,- Իզվեստիա թերթին փոխանցել է Անդրեյ Ռուզինսկին և ապա ավելացրել. «Զորամասի սպաները նույնպես չեն բողոքում: Այստեղ կան նաև Վրաստանի ռազմաբազաներում ծառայածներ, որտեղից էլ զորքերը տեղափոխվել են Հայաստան: Զինվորականները նշում են, որ Գյումրիում ավելի հարմարավետ է, իսկ արձակուրդներին և հանգստյան օրերին էլ հաջողվում է լինել լեռնադահուկային հանգստավայրում»:
Շարունակելով նախագահի պետական այցին կատարած անդրադարձը՝ թերթը ներկայացրել է արդեն մայրաքաղաք Երևանում նախագահական նստավայրում տեղի ունեցած միջոցառումները:
Ավելի վաղ, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին՝ ՌԴ ՊՆ պաշտոնաթերթի համարում ունեցող «Կռասնայա զվեզդա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ «եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական 102-րդ ռազմաբազան, ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ ստանձնած պարտավորությունների համաձայն, կներգրավվի ռազմական գործողություններում»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանում էր գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի շրջանակներում տեղի ունեցավ «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային Միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումը, ՀՀ-ՌԴ նախագահները ուղիղ միացմամբ հետևեցին «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը, ՌԴ նախագահը այցելեց Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա, այնուհետև նախագահները եղան Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարի սկզբում Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Իսկ ավելի ուշ արդեն նախագահական նստավայրում տեղի ունեցավ լրագրողների մասնակցությամբ ամփոփիչ ասուլիս և երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախորդիվ`
«Ռուզինսկու հարցազրույցը ՌԴ պաշտոնական գծի շրջանակներում էր»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա