«Երիտասարդությանը հին բանաձևերով ազգային մշակույթին կապել, մեծ հաշվով, հնարավոր չէ»
Մտահոգությունները, որ մենք հեռանում ենք մեր ազգային և մշակութային արժեքներից, կորցնում ենք մեր դեմքը, ազգագրագետ, պատմաբան Մխիթար Գաբրիելյանը տեղին է համարում: Ըստ նրա` այսօր մենք մշակույթի մսխող ենք, և մեր մշակութային ժառանգության արժեվորման և վերաարժեվորման անհրաժեշտություն կա:
Ազգագրագետը կարծում է, որ պետական քաղաքականության առկա կոնտեքստում մշակույթի բանաձևումն ու հանրայնացումն անհասկանալի է: «Ազգայինն ու մշակույթը պետական քաղաքականության մեջ լավ բանաձևված չեն: Այսօր երիտասարդությանը հին բանաձևերով ազգային մշակույթին կապել, մեծ հաշվով, հնարավոր չէ: Հիմա 21-րդ դարն է, տեխնոլոգիաներն են փոխվել, աշխարհն անհամեմատ ավելի բաց է, նախասիրություններն են ուրիշ և այլն»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Ազգագրագետի բնորոշմամբ, մեծ հաշվով բանաձևեր չունենք, թվում է, թե կան, ներկայացված են, բայց իրական ընկալմամբ բանաձևեր չեն դրանք. «Ազգայինը, ցավոք սրտի, ընկալվում և մեկնաբանվում է որպես անհասկանալի մի բան, ես որպես ազգագրագետ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ նկատի ունեն ազգայինը չարչրկելով ու շահարկելով: Ամեն մի մարդ փորձում է ազգայինը բանաձևել ու մեկնաբանել այնպես, ինչպես իրեն է հարմար: Եթե մշակույթի նկատմամբ վերաբերմունքն իջել է այն աստիճանի, որ ամեն քայլափոխի կոնտրմշակույթ ենք ստեղծում, եթե մեր վերաբերմունքը հակամշակութային է, ապա դրանից հետո, մարդը, ամենատարրական օրինակն ասենք, չի վերացնում խրախճանքի հետքերը: Եթե ունենք տասնյակ վերանորոգման կարիք ունեցող ու խոնարհման վտանգի առաջ կանգնած եկեղեցիներ, ապա դա մշակութային քաղաքականությո՞ւն է»:
Ըստ Մխիթար Գաբրիելյանի` կարևոր է բանաձևել ու տարբերակել, թե, ի վերջո, որոնք են այն գործիքները, որով մենք պետք է գնանք մշակույթի հանրայնացման. «Մարդուն պետք է տալ գործիքակազմ ու ժամանակակից լեզվով մշակույթն ընկալելու, սիրելու բանաձևեր»: Այնուամենայնիվ, ազգագրագետը նաև համամիտ է այն կարծիքին, որ այսօրվա երիտասարդների մոտ առկա է դեպի ազգայինը ձգտումը: