ՆԱՏՕ-ն պատրաստ է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում համագործակցել ՔԶԱԿ-ի հետ
ՆԱՏՕ-ն պատրաստ է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ, եթե նրան նման խնդրանքով դիմեն, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք պատրաստ ենք համագործակցել, եթե մեզ դիմեն»,-մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» Ռասմուսենին, ով կարևորել է Սիրիայում շարունակվող հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը և ողջունել է «Ժնև-2»-ի անցկացումը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ՔԶԱԿ-ը ներկայացրել էր Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման վերջնաժամկետները: Նախատեսվում է, որ այն երկրից դուրս է բերվելու և ոչնչացվելու է 2014 թվականի կեսերին՝ ոչ ուշ քան հունիսի 30-ը:
Քիմիական զենքի ոչնչացնելու աշխատանքներին մասնացկելու պատրաստակամություն է հայտնել 35 մասնավոր ընկերություն, իսկ մի քանի օր առաջ ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է քիմիական զենքը ոչնչացնել իր Cape Ray նավում: Այն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Միջերկրական ծովի չեզոք ջրերում: ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը արդեն հաստատել է քիմիական զենքը Սիրիայի նավահանգստային Լաթաքիա քաղաքով դուրս բերելու որոշումը: