Թուրք պատգամավոր. «Ձեր ասած թուրքը սինթեզ է, թուրք կոչվող ազգ գոյություն չունի»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գործադիր խորհրդի անդամ, պատգամավոր Յասին Աքթայի խոսքերը դժգոհություն է առաջացրել կուսակիցների շրջանում: Բայբուրթի համալսարանում կազմակերպված գիտական կոնֆերանսի ժամանակ Աքթայը, պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե արդյոք ճիշտ է սոցիալական պետություն կառուցելու համար անտեսել մեծամասնություն կազմող հատվածի ազգայնականությունը, ասել էր. «Եթե այս երկրում թուրքերի հետևից գնանք, դա թանկ գին կունենա: Այդ կերպ Թուրքիան կհասցնենք մասնատման: Ձեր ասած թուրքը սինթեզ է, թուրք կոչվող ազգ գոյություն չունի»:
«Ermenihaber.am» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Աքթայի նշյալ արտահայտությանը արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը: Վերջինս նշել է, որ եթե այդ խոսքերն ասվել են որպես առանձին նախադասություն ու կտրված չեն կոնտեքստից, ապա անընդունելի են:
«Այդ արտահայտությունը հակասում է պատմական ու սոցիոլագիական իրականությանը և անընդունելի է: Բայց պատահում է, որ քաղաքական գործիչները երբեմն կես ժամ կամ մեկ ժամ ելույթներ են ունենում ու նրանց խոսքից մեկ-երկու նախադասություն ընդհանուր կոնտեքստից կտրելով, օրակարգային հարց են դարձնում: Նմանատիպ դեպքերի մենք՝ քաղաքական գործիչներս, շատ ենք հանդիպում»,- ըստ «Ջիհան» լրատվական գործակալության ասել է Չիչեքը: