Միջազգային հեղինակավոր մրցույթում հայկական գինիները արժանացել են ոսկե մեդալների
Մոսկվայում Խաղողի և գինու միջազգային կազմակերպության (OIV) հերթական 17-րդ գինու և սպիրտային խմիչքների մասնագիտական համտես-մրցույթում Հայաստանի ներկայացրած անապակ գինիներից «Նորավանք» սպիտակը և «Բագրատունի» կարմիրը («Մարան» ընկերություն) արժանացել են ոսկե մեդալների: Այս մասին տեղեկացնում են «Մարան» ընկերությունից:
Ընդհանուր առմամբ OIV -ն տարվա ընթացքում կազմակերպվում է 5-6 նմանատիպ մրցույթներ, որոնցից մեկը Մոսկվայում: OIV-ի հովանու տակ կազմակերպվող միջազգային մրցույթներն աշխարհի ամենահեղինակավորներից է, որոնց առաջնահերթության կարգավիճակով մասնացում են անդամ երկրները, բայց թույլատրվում է մասնակցել նաև նրանց, որոնք հետագայում կարող են այս կազմակերպության անդամ լինել:
Մրցույթին ներկայացվում են խաղողի, մրգային և հատապտղային գինիներ, ինչպես նաև կոնյակներ և նմանատիպ թունդ ալկոհոլային խմիչքներ: Այս տարվա մրցույթ-փառատոնին ներկայացվել են գինեգործական 17 երկրների ավելի քան 200 նմուշ գինիներ:
Հայաստանն առայժմ ֆինանսական պատճառներով չի անդամակցում այդ հեղինակավոր կառույցին, չնայած, որ մեր բոլոր հարևան պետություններն, ինչպես նաև աշխարհի հզորագույն գինեգործական երկրները վաղուց այս կազմակերպության անդամներ են:
Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի ներկայացմամբ, Հայաստանի այս կազմակերպության չանդամակցելը բավականին բացասաբար է անդրադառնում Հայաստանի վրա այն առումով, որ հեռու է մնում ճյուղի զարգացման միտումներից, համագործակցության արտոնյալ գործընթացներից, և բացի այդ այս տարածաշրջանի գինուն վերաբերող «ամբողջ անցուդարձը կենտրոնանում է Վրաստանի, իսկ եկող տարվանից նույնիսկ Ադրբեջանի վրա»: