Երևանը` Եվրոպական ուսանողական մայրաքաղաք
2015 թվականի գարնանը Երևանը կդառնա Եվրոպական ուսանողական մայրաքաղաք: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայից:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հայտ էր ներկայացրել 2015թ-ին հյուրընկալել Եվրոպական ուսանողական ամենահեղինակավոր կազմակերպությանը` Երևանը հռչակելով Եվրոպական ուսանողական մայրաքաղաք:
Դեկտեմբերի 1-ին Եվրոպական ուսանողական միության (ԵՈւՄ-հովանոց կազմակերպություն 39 երկրների 47 ազգային ուսանողական միությունների ավելի քան 15 միլիոն ուսանողների համար) 65-րդ կառավարման խորհրդի ժամանակ ընտրվել է ԵՈւՄ 68-րդ Կառավարման խորհրդի հյուրընկալող կազմակերպությունը և երկիրը:
2015թ.-ի ԵՈւՄ գարնանային նստաշրջանի հյուրընկալման համար հայտ են ներկայացրել Հայաստաի Ուսանողական Ազգային Ասոցիացիան (Հայաստան) և Իսրայելի Ազգային Ուսանողական Միությունը (Իսրայել): «Պայքարը բավական թեժ էր, քանի որ իսրայելական ուսանողական միությանն աջակցում էին միջերկրածովյան տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների ուսանողական ազգային միությունները: ՀՈւԱԱ-ն մեծ աջակցություն էր ստանում կենտրոնական, արևելյան, արևմտյան և հյուսիսային Եվրոպայի երկրների ուսանողական ազգային միություններից: ՀՈւԱԱ հյուրընկալման հայտի ներկայացումն իրականացրեց կազմակերպության միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ս.Քոչարյանը: Բավական բովանդակալից ներկայացում, սուր հարցադրումներ` սկսած միջոցառման հյուրընկալման ֆինանասվորման հարցերից Հայաստանի կայացրած աշխարհաքաղաքական որոշումից` դեպի Մաքսային միություն, վերջացրած Ադրբեջանի ուսանողական միության ներկայության հարցերով:
Երկու միությունների ներկայացումներից հետո ԵՈւՄ լիիրավ անդամները որոշեցին հյուրընկալման հարցի քվեարկությունն անցկացնել փակ-գաղտնի ձևաչափով: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրական հանձնաժողովը արձանագրեց` Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի օգտին 41 կողմ, Իսրայելական ազգային ուսանողական միության օգտին 26 կողմ, անվավեր` 1, ձեռնպահ` 2»,- ասված է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան