ԵՄԱ նախագահ. Սխալ է ասել, թե Արևելյան գործընկերությունը ձախողվել է
«Վիլնյուսի գագաթաժողովից հետո կարելի է նման ենթադրություն անել` Հայաստանը հստակ հավակնություններ չունի, արժանի չէ միջազգային հանրության ուշադրությանը»,- լրագրողներին իր ենթադրությունները փոխանցեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
Ըստ նրա, Հայաստանը մոտավորապես հավասար դիրքերում է գտնվում Արևելյան գործընկերության երկրներից Բելառուսի և Ադրբեջանի հետ, սակայն տարբերությունն այն է, որ եթե այդ երկու երկրների հետ կա հստակ ուղղվածություն, թե որ ուղղությամբ պետք է կոնկերտ աշխատել, Հայաստանի դեպքում այս պահին որևէ ուղղություն չկա, որ հարաբերությունները շարունակեն հետևողականորեն զարգացնալ:
Բ. Նավասարդյանի խոսքով, հնարավոր է, որ եթե Հայաստանի կողմից տրամադրությունների որոշակի փոփոխություն և կրկին Արևելյան գործընկերության օրակարգին վերադառնալու որոշում լինի, Եվրամիության կողմից արագ արձագանք չլինի:
Խոսելով Վիլնյուսի գագաթաժողովի մասին, ԵՄԱ-ի ղեկավարն ասաց, որ այդ միջոցառումից որոշ չափով հիասթափություն կա կապված այն հանգամանքի հետ, որ Արևելյան գործընկերության եռանդը կարող է պակասել կամ ընդհանարպես մարել. «Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Եվրամիության անդամ երկրների տնտեսական վիճակն այնքան էլ լավ չէ, շատ պետություններ պատրաստ չեն միջոցներ տրամադրել այդ կարգի միջոցառումների համար ու մտածում են` հարավային, թե արևելյան ուղղությամբ ծախսերը կլինի արդյունավետ: Ուշադրությունն ավելի շատ սևեռված է հարավային ուղղությամբ»:
Միաժամանակ նա նշեց, որ սխալ է ասել, թե Արևելյան գործընկերությունը ձախողվել է: