Հայկ Դեմոյան. Հայ-թուրքական մերձեցմանը նվիրված միջոցառումները 2015-ին ընդառաջ հայկական կողմի պահանջները մեղմելու համար են
«Փորձը ցույց է տալիս, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով Թուրքիայից որևէ ակնկալիք ունենալն ուղղակի միամտություն է»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված, վերջին շրջանում ավելի հաճախակի անցկացվող միջոցառումներին` Panorama.am-ին ասաց ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Թուրքիան փաստացի ապացուցել է, որ որևէ նման նախաձեռնություն չի կարող լուրջ արդյունքի բերել, սա առաջին փաստագրումն է, մյուս կողմից էլ բոլոր այդ նախաձեռնությունների պարագայում չենք կարող կասկած չունենալ, որ դրանք ուղղորդվում և վերահսկվում են որոշակի կետից` նպատակ ունենալով մեղմել կամ գոնե թուրքանպաստ ընկալումներ ստեղծել միջազգային հանրության շրջանում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին»,-ասաց Դեմոյանը:
Նշենք, որ վաղը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նախատեսվում է անցկացնել The Longest Handshake ակցիան, որի ժամանակ «Հայաստանի ներկայացուցիչն ու Թուրքիայի ներկայացուցիչն իրար ձեռք կսեղմեն այնքան երկար ժամանակ, որքան դա հնարավոր է: Կազմակերպիչների մտահղացմամբ, դա պետք է ցուցադրի մարդկային փոխհարաբերությունների կարևորությունն ու դրանց հնարավոր լինելը նույնիսկ այնպիսի ժողովուրդների պարագայում, որոնց պատմությունը լի է հակասություններով: Այն իրականություն է դառնալու TANGO Network (Turkish and Armenian NGO's Network) և TWIGA ռուսական և ԱՊՀ երկրների խոշոր հաղորդակցական խմբի աջակցությամբ»:
Հայկ Դեմոյանն այս միջոցառման մասին տեղյակ չէ, բայց վստահ է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նմանատիպ նախաձեռնությունների թիվն ավելանալու է:
«Արդեն իսկ շատ են, ինչպես ասում են` եթերը լցված է նման աղմուկով: Մենք ուշի ուշով հետևում ենք, թե ովքեր են դրանք իրականացնողները, որոնք են նրանց նպատակները»,-ասաց ինստիտուտի տնօրենը:
Հ. Դեմոյանը պատրաստվում է առանձին հոդվածով անդրադառնալ նման նախաձեռնություններին, որտեղ կփորձի միջազգային հանրությանը մանրամասներ տալ դրանց մասին:
«Ուսումնասիրությունների արդյունքում մի բան պարզ է, որպես կանոն նման նախաձեռնությունների հեղինակը հայկական կողմը չէ: Դա արդեն ինչ-որ բանի մասին խոսում է: Եթե դա գալիս է թուրքական կողմից, ապա հասկանալի է, որ նպատակը ոչ միայն հանրային դիվանագիտությունն է կամ հայ գործընկերների հետ կապեր ստեղծելը: Այստեղ աշխատում են նաև տարբեր երկրների կողմից տրվող դրամաշնորհներ, որոնց նպատակը ոչ այնքան հայ-թուրքական մերձեցումն է, այլ քաղաքական որոշակի դիվիդենտներ շահելը: Բայց եթե հանրագումարի բերենք այս ամենը ինչը, ապա բոլորը 2015-ին ընդառաջ հայկական կողմի պահանջներն ու ակնկալիքները մեղմելու համար են»,-ասաց Հ. Դեմոյանը: