Հայաստանն ու Սլովակիան կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հուշագիր կստորագրեն
Պաշտոնական այցով Սլովակիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցել է նաև Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հ. Սեյրանյանը: Դուշան Չապլովիչը հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառների զարգացմանը: Նա նշել է նաև, որ լինելով մասնագիտությամբ պատմաբան` քաջ ծանոթ է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը և հատկապես այն ողբերգական իրադարձություններին, որոնք պատուհասել են հայ ժողովրդին անցյալ դարի սկզբին:
Արմեն Աշոտյանը, շեշտելով, որ Սլովակիայի Հանրապետությունն այն երկրներից է, որի Ազգային ժողովը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի անունից երախտիքի խոսք է հղել սլովակ ժողովրդին՝ պատմական արդարությանը սատար կանգնելու և իր վերաբերմունքն արտահայտելու համար:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով երկկողմ կրթական համագործակցության ընդլայնմանը, կարևորել է համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում: Նշվել է բուհական կրթության ոլորտում ուսանողների կրթաթոշակային փոխանակումների, դասախոսական անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի իրականացման և միջբուհական կապերի զարգացման մասին:
Կողմերը նշել են, որ գիտության բնագավառում համագործակցության համար հեռանկարային են համատեղ ֆինանսավորմամբ գիտական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ԵՄ շրջանակում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը:
Անդրադարձ է արվել նաև Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձման շրջանակում կատարված աշխատանքներին` այս համատեքստում կարևորելով հատկապես փորձի փոխանակումը: Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչն ընդգծել է, որ իբրև Բոլոնիայի գործընթացի անդամ երկիր` Սլովակիան ևս քվեարկել է Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու օգտին և այժմ օգտակար է համարում կուտակված փորձի արդյունավետ փոխանակումը եվրոպական կրթության տարածքի զարգացման համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտի համագործակցությանը վերաբերող հարցերը. սլովակյան կողմը հետաքրքրվել է հատկապես Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրման ծրագրով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել` աջակցել Հայաստանի դպրոցներում կիրառվող «Շախմատ» առարկայի ձեռնարկներն ու ծրագրերը փորձնական նպատակով Սլովակիայում ներդնելուն:
Կողմերը համաձայնության են եկել նախապատրաստել հուշագիր` կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ, որտեղ կներառվեն հանդիպման ժամանակ քննարկված բոլոր հարցերը: Սլովակյան կողմն առաջարկել է նախաձեռնություն ցուցաբերել՝ ներգրավելու հայկական բուհերը Վիշեգրադյան քառյակ կրթական ծրագրում: Աշոտյանն իր սլովակ գործընկերոջը պատասխան այցով հրավիրել է Հայաստան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա