ԲՈՀ-ը նոր պետ ունի. «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդները պետք է ավելի պատասխանատու լինեն»
Հայաստանի կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի 04.12.2013թ. հ. 149-Ա1 հրամանով բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է ՀՀ ԲՈՀ գործակալության պետ: Այս մասին տեղեկանում ենք գործակալության պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ ԿԳՆ աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի թափուր պաշտոնի մրցույթում հաղթել էր Լիլիթ Արզումանյանը: Նա երկար տարիներ եղել է ԲՈՀ-ի նախագահի տեղակալը:
«Համար մեկ խնդիրը համարում եմ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների պատասխանատվության բարձրացումը: Այդ խորհուրդները մեծ դեր ունեն. իրենց միջնորդությամբ է գիտական աստիճանի վկայագրեր շնորհվում, մենք հաստատում ենք: Պետք է ավելի պատասխանատու լինեն իրենց գործին ու, կոպիտ ասած, վատ գործեր ԲՈՀ չուղարկեն: Եթե խորհրդում աշխատանքը ճիշտ գնահատվի, խիստ լինեն, ավելի պատասխանատու, կարծում եմ, կնպաստի գիտության որակի բարձրացմանը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Արզումանյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 4-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Արտուշ Ղուկասյանն ազատվել է «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան