«Սիրո կամուրջ» մյուզիքլը ներկայացվեց հանդիսատեսին
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան:
«Սիրո կամուրջ»-ը Հայաստանում մյուզիքլը` թատերական արվեստի յուրահատուկ այս ճյուղը, զարգացնելու փորձ է:
Նախաձեռնողներն են` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը և «Արտ Թիմ» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նախագծի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Նախագիծն իրականացնելու նպատակով ընկերությունը տրամադրել է 200 միլիոն դրամ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախագծի շուրջ միավորվել էին ոչ միայն հատուկ քաստինգի միջոցով ընտրված երիտասարդ կատարողներ, այլև տաղանդավոր և պրոֆեսիոնալ ստեղծագործական խումբ:
«Սիրո կամուրջ» մյուզիքլի ռեժիսորն է Վահան Բադալյանը: Երաժշտության հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Քրիստ Մանարյանը և Էմմա Ասատրյանը: Խոսքերի հեղինակներն են Էմմա Ասատրյանը, Անիտա Հախվերդյանը, Գրիգոր Կոկչյանը, Քրիստ Մանարյանը: Գործիքավորումը վստահվել է Արա Թորոսյանին և Մարտին Միրզոյանին: Նկարիչն է Դավիթ Մինասյանը: Պարերի բեմադրման համար Երևան է հրավիրվել հանրահայտ բալետմեյստեր, բազմաթիվ հեղինակավոր մյուզիքլների բեմադրող-ռեժիսոր և պարուսույց Վալերի Արխիպովը:
Մյուզիքլը հանդիսատեսին է ներկայացվել բացառապես կենդանի կատարմամբ: