Վրացահայ աշակերտները արդեն մեկ կիսամյակ է սպասում են հայոց լեզվի և գրականության դասագրքերին
Հայոց լեզվի և գրականության դասագրքերը Վրաստանի հայկական դպրոցներ դեռ չեն ուղարկվել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության Սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը:
«Տեխնիկական հարցեր են, որոնց պատճառով ձգձգվում է, այժմ ընթացքի մեջ է»,- ասաց նա և նշեց, որ ցանկալի կլիներ, որ այդ ուշացումը չլիներ, և դասագրքերն աշակերտներին հասնեին մինչև ուսումնական տարվա մեկնարկը:
«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այնպես էլ չէ, որ դասագրքեր չկան և ուսումնական գործընթացը խափանվում է: Դասագրքեր այնտեղ կան, ուղարկվել են նախորդ տարիներին, և այս ուշացումն ուսումնական պրոցեսին խանգարող հանգամանք չէ: Այս տարի որոշ պատճառներով դա ձգձգվեց, մենք պատրաստվում էինք սեպտեմբերին ուղարկել, բայց անընդհատ տեխնիկական հարցեր և խնդիրներ եղան, ինչի պատճառով դասագրքերը դեռ այնտեղ չեն»,- ասաց Նունե Վարդանյանը:
ԿԳ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության Սփյուռքի բաժնի պետը տեղեկացրեց, որ գործընթացը վերջին փուլում է, առաքման համար բեռնափոխադրող ընկերությունն արդեն ընտրվել է, այժմ դասագրքերը արկղերի մեջ են, բեռնվում են և առաջիկա օրերին կառաքվեն Վրաստան: Նունե Վարդանյանը հույս հայտնեց, որ մինչև դեկտեմբերի 15-ը դրանք կհասնեն վրացահայ աշակերտներին:
Կրթական տարին Վրաստանի դպրոցներում ազդարարվել էր սեպտեմբերի 16-ից, իսկ ավելի վաղ ՀՀ ԿԳՆ-ից Panorama.am-ին հայտնել էին, որ սպասում են Վրաստանի կրթության և գիտության նախարարության պատասխանին, որպեսզի այդ գրքերն առաքեն Վրաստանի տարածք:
Նախորդիվ՝
14700 կտոր դասագրքերն ու աշխատանքային տետրերը Վրաստանի հայկական դպրոցներ կհասնեն նոյեմբերի վերջին
Հայոց լեզվի և գրականության դասագրքերը Վրաստանի հայկական դպրոցներ դեռ չեն ուղարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա