Սոցհարցում Թուրքիայում. Որպես ամենավտանգավոր երկիր հարցվածների 7.2 տոկոս-ը նշել է Հայաստանը
Թուրքիայի «Kadir Has» համալսարանի կողմից իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն` պարզելու Անկարայի վարած արտաքին քաղաքականության մասին հանրության կարծիքը: Սոցհարցման է ենթարկվել 1000 քաղաքացի երկրի 24 նահանգներում 2013-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին:
Սոցհետազոտության արդյունքներն արդեն ամփոփվել են զեկույցի մեջ, ըստ որի, Անկարայի վարած արտաքին քաղաքականությունը ձախողված է համարել հարցմանը մասնակցածների 36 տոկոսը: Եվ սա այն դեպքում, երբ նույն հարցին նույն պատասխանը տվածները 2010-ին կազմում էին 44.3, 2011-ին` 33.5, 2012-ին` 38.2 տոկոս: Իսկ արտաքին քաղաքականությունը հաջողված են համարել հարցվածների 25.1 տոկոսը: Նախորդ տարիներին այդ ցուցանիշի պատկերը հետևյալն էր. 2010-ին` 32.1 տոկոս, 2011-ին` 35.8 տոկոս, 2012-ին` 34.7 տոկոս:
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին շրջանի զարգացումների արդյունքում շարունակում է նվազել Անկարայի արտաքին քաղաքականության մասին դրական կարծիք ունեցողների թիվը»,- նշում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
«Ըստ ձեզ` ո՞ր երկիրը կամ երկրներն են Թուրքիայի համար ներկայացնում ամենամեծ սպառնալիքը»: Այս հարցին ի պատասխան Թուրքիայի քաղաքացիների 41.7 տոկոսն ասել է ԱՄՆ, 37.1 տոկոսը` Իսրայել, 23.9 տոկոսը` Սիրիա, 18.4 տոկոսը` Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ): Համեմատության կարգով «Հուրրիյեթ»-ը հիշեցնում է, որ 2011 թվականին հարցման ենթարկվածների 53 տոկոսը Հայաստանն են համարել Թուրքիայի համար ամենավտանգավոր երկիր: Այս տարի այդ ցուցանիշը նվազել է 7.2 տոկոսի:
Մասնավորապես Միացյալ Նահանգների մասով հայտնի է դարձել, որ հարցման ենթարկվածների 32 տոկոսը ԱՄՆ-ին համարում է գաղութարար, 12 տոկոսը` ռազմավարական գործընկեր երկիր, 9 տոկոսը` բարեկամ պետություն:
«Ըստ ձեզ` ո՞րն է Թուրքիայի ամենամոտ բարեկամը»: Այս հարցին քաղաքացիների 38.6 տոկոսը պատասխանել է` բարեկամ չկա, 28 տոկոսը` Ադրբեջան, 7.4 տոկոսը` ԱՄՆ, 3.8 տոկոսը` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ), 2.9 տոկոսը` Պակիստան: Ընդգծվում է այն հանգամանքը, որ քաղաքացիների շրջանում շարունակում է ծանրակշիռ տեղը պահպանել «թուրքից բացի թուրքին այլ բարեկամ չկա» համոզմունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա