Վ.Բոստանջյանը կառավարությանը. Այ քեզ բան, լավ աշխատեիք՝ փակեիք
«Մենք ուղղակի իրավունք չունենք չողջունել նախագահ Պուտինի այցը Հայաստան, քանի որ հասկանալի է, որ դա ապագայում դրական ազդեցություն կունենա մեր երկրի վրա»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը՝ միևնույն ժամանակ նշելով, թե պետք չէ ավելին սպասել Մաքսային միությանն անդամակցելուց, եթե մեր երկրի իշխանությունները չկարողանան կառավարման ճիշտ ձև ընտրել. «Միությանն անդամակցելով Հայաստանն իր ներուժն անպայման օգտագործելու է և դա բխում է ՌԴ շահերից, բայց կարևոր է և առաջնային, որ անդամակցությունը բխի նախևառաջ Հայաստանի շահերից»,- ընդգծեց նախկին պատգամավորը:
Վ.Բոստանջյանը քննադատեց կառավարությանը, քանի որ կառավարության վատ աշխատելու պատճառով տուժելու է ժողովուրդը. «Գազի բարձր սակագինը շարքային քաղաքացու համար ամենացավոտ հարցն է: Իհարկե դրական է, որ գազն այսուհետ Հայաստան կիրացվի 189 դոլարով, բայց խնդիր է, թե սպառողին գազը որքանով է հասնելու։ Գազի սպառման դիմաց կուտակված պարտքն էլ կառավարությունը որոշեց փակել «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը վաճառելով, իրենց համար դա լավ ձև է, մեզ համար վատ ձև ... Ասում են՝ պետք է մի ձև փակեինք պարտքը: Այ քեզ բան, լավ աշխատեիք՝ փակեիք»,- վրդովվեց Վարդան Բոստանջյանն ու շեշտեց՝ դա ոչ թափանցիկ գործունեության արդյունք է.
«Քաղաքացուն անգամ դառը ճշմարտությունն է պետք ասել»,- հորդորեց իշխանություններին նա: