«Երևանյան հեռանկարներ». Երկու գերաստեղ՝ հայկական բեմում
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի 14-րդ համերգաշարը կամփոփվի դեկտեմբերի 11-ին հատուկ նախածով. մեկ բեմում (Արամ Խաչատրյան համերգասրահ) միասին հանդես կգան երկու գերաստղեր` «Կամերատա Զալցբուրգ» նվագախումբը և բազմակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Համերգի ընթացքում հնչելու է Ստրավինսկի, Մոցարտ, Բեթհովեն:
Ս. Հովհաննիսյանի ներկայացմամբ, «Կամերատա Զալցբուրգ»-ը Եվրոպայի ամենահեղինակավոր նվագախմբերից մեկն է, որը հայտնի է իբրև դասական երաժշտության մեջ կատարելության խորհրդանիշ: Ստեղծված լինելով Մոցարտի ծննդավայր Զալցբուրգ քաղաքում վաթսուն տարի առաջ՝ նվագախումբը եզակի է ողջ աշխարհում իրեն բնորոշ «Մոցարտյան հնչողության» համար: Նվագախմբի հետ աշխատել են դիրիժորներ Բեռնհարդ Փաումգարթները (նվագախմբի հիմնադիր, նաև` Զալբուրգի հայտնի փառատոնի համահիմնադիր և նախագահ), Շանդոր Վեգը, սըր Ռոջեր Նորինգթոնը և Անդրաս Շիֆը։ Անվանի մենակատարներ Աննե-Սոֆի Մութերը, Հիլարի Հանը, Զուլիան Ռախլինը, Դանիել Հոփը, Ջոշուա Բելը, Թոմաս Զեհեթմայրը, Վերոնիկա Հագենը, Միցուկո Ուշիդան, Մյուրեյ Փերահիան, Օլլի Մուստոնենը, Դիթրիխ Ֆիշեր-Դիեսկաուն, Քրիստոֆ Էշենբախը, Ֆիլիպ Հեռեվեգեն, Ռենե Ժակոբսը որպես հյուր երաժիշտներ հանդես են եկել «Կամերատա Զալցբուրգի» հետ։ Իր գոյության վեց տասնամյակների ընթացքում «Կամերատա Զալցբուրգն» իրականացրել է ավելի քան վաթսուն ձայնագրություն, որոնց թվում են Մոցարտի դաշնամուրային կոնցերտների, սերենադների և դիվերտիսմենտների ամբողջական ձայնագրությունները, որոնք դասական ձայնագրությունների պատմության մեջ շրջադարձային նշանակություն ունեն։
«Կամերատա Զալցբուրգ»-ը կոչված է վերակենդանացնելու դասական և կլասիցիստական երաժշտության դիմագիծը և, հավատարիմ լինելով իր «Գերազանցություն որոնելիս» նշանաբանին, շարունակաբար առաջարկում է բարձրորակ համերգներ կա՛մ հայտնի դիրիժորների ու մենակատարների, կա՛մ իրենց առաջին կոնցերտմայստերի հետ։ 2007-ին նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է Սըր Նորինգթոնի օգնական, ջութակահար Լեոնիդաս Կավակոսը մինչև 2011-ը, երբ Լուի Լանգրեն նշանակվել է գլխավոր դիրիժոր։
Ինչ վերաբերվում է Պինկաս Ցուկերմանին, Ս. Հովհաննիսյանն ասաց, որ արդեն չորս տասնամյակ է նա մնում է որպես մի ֆենոմեն համաշխարհային երաժշտության մեջ. «Նրա երաժշտական հանճարը, վիթխարի տեխնիկան և անսասան գեղարվեստական չափանիշները հրաշալիք են ունկնդիրների ու քննադատների համար: Պինկաս Ցուկերման անունը հավասարապես հարգանք է վայելում որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, մանկավարժ և կամերային երաժիշտ»:
Պ. Ցուկերմանի 2012–2013թ-ի համերգաշրջանը ներառում է ավելի քան 100 ելույթներ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում: Պարոն Ցուկերմանը արդեն 14 տարի է, ինչ Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի նվագախմբի երաժշտական տնօրենն է, և չորս տարի հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Իբրև մենակատար նվագել է մոլորակի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ` անվանի դիրիժորների ղեկավարությամբ: Վերջին տասնամյակում Պինկաս Ցուկերմանը հավասարապես ելույթներ է ունենում որպես դիրիժոր՝ ղեկավարելով աշխարհի մի շարք առաջատար նվագախմբեր:
Պինկաս Ցուկերմանի լայնածավալ դիսկոգրաֆիան ընդգրկում է ավելի քան 100 անուն: Նա 21 անգամ եղել է Գրեմմի մրցանակի թեկնածու, և երկու անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի: Ձայնագրվել է Angel, CBS, Decca, Deutsche Grammophon, London, Philips, Sony, BMG Classics/RCA Victor Red Seal ընկերությունների համար։ Պ. Ցուկերմանը ղեկավարում է «Պինկաս Ցուկերման» կատարողական ծրագիրը` «Մանհեթենի երաժշտական ակադեմիայում»: Պինկաս Ցուկերմանը պարգևատրվել է Իսահակ Սթերնի անվան գեղարվեստական գերազանցության մրցանակով, ստացել է «Սողոմոն թագավոր» պարգևը: Պինկաս Ցուկերմանը նվագում է 1742 թվականի Գուառներուս դել Ջեզուի «Դուշկին» ջութակով։
«Ցուկերմանը կարծես լինի մի հավերժ երիտասարդ վիրտուոզ՝ արտահայտչականորեն ճարպիկ, վարակիչ կերպով երաժշտական, տեխնիկապես անբասիր, թեթևասահ։ Ինչպես միշտ, ուրախություն է լինել նրա երաժշտական ընկերակցության մեջ»,- գրել է «Լոս Անջելես թայմս»-ը:
Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկել է Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հիշարժան համերգով, և շարունակաբար ներկայացրել այլ իրադարձային համերգներ, որոնց թվում էին Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախումբը, Հորտուս Մուզիկուս անսամբլը, ինչպես նաև Յուրի Բաշմետը և Մոսկվայի մենակատարներ կամերային նվագախումբը, Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանը, «Շանհայ» քառյակը, դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը և դիրիժոր Ստեփան Վիլլիխը, լեգենդար ջութակահար Մաքսիմ Վենգերովը:
Նշենք, որ փառատոնը 2008թ. անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնին աջակցում են նաև մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին