Ամանորին ընդառաջ ռիսկային է սննդի շուկան. Ծառայությունը ստուգումներ կանի նաև տոնից հետո
Ամանորին ընդառաջ սննդամթերքի շուկան դառնում է խիստ ռիսկային: Հատկապես տոնին նախորդող մի քանի օրերին խանութ, շուկա, սուպերմարկետ մտնելն անհնար է դառնում, համընդհանուր քաոսի մեջ կարծես քչերն են սկսում ուշադրություն դարձնել, թե ինչ են առնում ու որտեղից:
«Տոնին ընդառաջ ռիսկային են դառնում հատկապես կենդանական ծագմամբ ապրանքների շուկաները` մսամթերքի, կաթնամթերքի, ձվի, ինչպես նաև կրեմով հրուշակեղենի»,-նշում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նա քաղաքացիներին խորհուրդ է տալիս միս գնելուց անպայման նայել, որպեսզի պահպանված լինեն հիգիենայի կանոններն ու պահպանման պայմանները, պահանջեն կտրոններ, ուղեկցեն փաստաթղթեր:
«Նախընտրելի է, որպեսզի անասնաբուժական փորձաքննության մասին վկայող փաստաթղթերից բացի լինեն, ուղեկցող փաստաթղթեր: Իսկ մնացած ապրանքների դեպքում պետք է նայել մակնշումը, հետևել արդյո՞ք պահպանված են այն պայմանները, որոնք նշված են տվյալ ապրանքի վրա: Եթե մենք տեսնում ենք, որ ապրանքի վրա գրված է մթերքը պահել մինչև +6 աստիճան ջերմության պայմաններում, բայց այն վաճառվում է +20 աստիճանի պայմաններում, ապա դա ուղղակի պետք չէ գնել»,-խորհուրդ տվեց սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահը, կարևորելով, որ սպառողների պահանջատեր լինելու պարագայում շուկան կարող է ինքնակարգավորվել:
Ամանորին ընդառաջ ստուգումների է պատրաստվում ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանն ասաց, այս պահին չի կարող մանրամասնել, թե որ շուկաններում են կատարվելու ստուգումները:
«Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, մենք լայնամասշտաբ դիտարկումներ ենք իրականացնելու տոներից անմիջապես հետո, քանի որ այդ օրերին ռիսկայնությունն ավելի մեծ է»,-ասաց Ա. Սուքիասյանը:
Նկատենք, որ Ամանորի տոներից առաջ ու հետո հայտարարությամբ հանդես է գալիս առողջապահության նախարարությունը` սննդային թունավորումներից զերծ մնալու համար հիշեցնելով սննդի օգտագործման կանոնները:
«Սննդամթերք գնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին: Նախարարությունը կոչ է անում աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ, զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե: Պատրաստի սննդամթեքը հարկավոր է պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները