ՀՀ-ում Իրանի դեսպան. Պարզ չէ, թե ինչ գնով կարող է Իրանը գազ վաճառել Հայաստանին
«Հայաստանի հետ ունենք շատ լավ հարաբերություններ: Մի քանի տարի է արդեն գործում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագիրը: Մենք հավատարիմ ենք այդ համաձայնագրին, չնայած գների մեջ փոփոխություններ է տեղի ունեցել: Իրանը բարեկամ երկրների հետ այլ կերպ է վարվում, կարող է զեղչեր կիրառել, իսկ ընդհանրապես՝ առաջնորդվում է միջազգային գներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ գնով է պատրաստ Իրանը գազ վաճառել Հայաստանին:
Նա նշեց, որ համաձայնագրով 1խմ գազի դիմաց Հայաստանը 3 Կվ էլեկտրաէներգիա է տրամադրում Իրանին. «Դա շահավետ չէ Իրանին, սակայն այն ժամանակ կառավարությունը որոշեց, որ այդպես պետք է լինի ու մինչև հիմա հավատարիմ է մնում այդ պարտավորությանը»:
Լրագրողը փորձեց հստակ պատասխան ստանալ, թե Իրանը 1000 խմ գազը այլ երկրների ինչ գնով է վաճառում և ինչ գնով կվաճառի Հայաստանի, դեսպանը կրկնեց. «Իրանը Թուրքիային և այլ երկրին վաճառում է գործող միջազգային գներով, սակայն որոշ բարեկամ երկրների համար հնարավոր է զեղչեր կիրառել, դա կախված է այն համաձայնություններից ու պայմանավորվածություների, որ ձեռք են բերում»:
Պատասխանելով հարցին, թե Իրանը Հայաստանին ավելի թա՞նկ գազ կվաճառի, քան Ռուսաստանը, դեսպանն ասաց. «Պարզ չէ, թե որն է ավելի թանկ: Պետք է նստել, բանակցել, գործարքը կնքելու պահին կպարզվի, թե որ գազն է թանկ: Պետք է նախ հստակեցվի ռուսական ու իրանական գազի գներն ինչքան են, նոր պարզ կլինի՝ կարող են այդ երկրները մրցակցել, թե հավասար են»:
Նա նշեց, որ եթե անհրաժեշտ լինի, որ Իրանն ամբողջապես ապահովի Հայաստանի գազի սպառման պահանջները, Հայաստանից գազը տարանցիկ կերպով արտահանվի, նախ անհրաժեշտ է ենթակառուցվածքը ստեղծվի: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի ու Իրանի միջև գազի գնի քննարկում տեղի չի ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան