Առաջարկ՝ Սպիտակի երկրաշարժից 25 տարի անց. Աղետի գոտին դարձնել արդյունաբերության գոտի
Շատ ամոթալի է, որ Սպիտակի երկրաշարժից հետո այս 25 տարիներին բնակարանները կորցրած մարդկանց տուն չենք կարողացել հատկացնել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար, 88-ին Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի համակարգող Նորայր Մուրադյանը: Նա նշեց, որ բացի անտուն լինելուց, մարդիկ նաև առանց աշխատանքի են մնացել:
«Աղետից առաջ բոլոր այն մարդիկ, ովքեր սեփական տներում էին ապրում, մինչ օրս մնացել է առանց բնակարանի: Ոչ միայն երիտասարդ սերունդը ծնվեց վագոն տնակներում, այլև արդեն երկրորդ սերունդն է ծնվում, իսկ մարդիկ շարունակում են մնալ վագոն տնակներում»,- ասաց նա:
Նորայր Մուրադյանը նշեց, որ Սպիտակում իրենք ծրագրեր են իրականացնում, որպեսզի այն նաև տուրիստական գոտի դառնա: «Այսօր արդեն մարդիկ լքում են երկիրը: Բայց ելք կա, պետությունը պետք է օժանդակի, մենք էլ տեխնիկապես կաջակցենք, որ աղետի գոտին դառնա արդյունաբերության գոտի: Շատ լավ կլինի, որ մենք կարողանանք Ստեփանավանը, Սպիտակը, Ախուրյանը, Վանաձորը դարձնել արևային էներգիայի տեխնիկայի արտադրման գոտի: Շատ լավ մոդելներ են առաջարկվել հելիոֆիկացիայի ծրագրով: Իշխանությունները պետք է օժանդակեն, որ այդ ծրագիրն աղետի գոտում կյանքի կոչվի»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն էլ ասաց. «Կարելի է կազմակերպել աղետի գոտում արևային տեխնիկայի արտադրությունն, ինչը շատ հարցեր կարող է լուծել»: Նա կարծիք հայտնեց, որ եթե հեղափոխություն չլիներ, աղետի գոտին վերականգված կլիներ սովետական ուժերով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան