Դաշնակցությունը Դավութօղլուի այցի հետ քիչ հույսեր է կապում
«Քիչ հույսեր ունենք Թուրքիայի արտգործնախարարի այցի հետ կապված, քանի որ մինչ օրս թուրքական կողմը զիջումների ձգտում չի ցուցաբերել, նախապայմանների լեզվով խոսելու իր ոճը չի փոխել»,- այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Ըստ պատգամավորի, իրենք հիմքեր ունեն կասկածելու, որ Թուրաիայի արտգործնախարարի այցը Հայաստան կնպաստի, որ առաջընթաց գրանցվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Դաշնակցական պատգամավորը վստահ է, որ Թուրքիան ամեն բան անում է, որ տպավորություն ստեղծի, թե Անկարան պատրաստ է խոսել իր հարևանների հետ, մինչդեռ իրականում այդ երկիրը պատրաստ չէ հարաբերություններ կառուցել հարևան պետությունների հետ:
Ավելի վաղ վկայակոչելով թուրքական «Զաման» թերթին, Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն որոշում է կայացրել ընդունել պաշտոնական Երևանից ստացված հրավերը և դեկտեմբերի 12-ին մեկնել Հայաստան՝ մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների վեհաժողովին: