Ռուս փորձագետ. Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը կանխամտածված տանում է փակուղի
Ադրբեջանը ԼՂ հակամարտության լուծման գործընթացը կանխամտածված տանում է փակուղի՝ առաջ քաշելով ի սկզբանե անիրականանալի պայմաններ: Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևի հայտարարությանը, թե հակամարտության կարգավորման առաջընթացի համար ԼՂՀ տարածքից պետք է դուրս գան հայկական զորքերը, «Ռեգնում» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, փորձագետ Ալեքսանդր Սկակովը:
«Դեռ շատ վաղ է բարձրացնել հայկական զորքերի դուրս բերման հարցը անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում»,-ասել է նա:
Ռուս փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանում համարում են, որ ներկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը իրենց համար անբարենպաստ կերպով է զարգանում:
«Դա, մասնավորապես, պայմանավորված է նրանով, որ տարածաշրջանում չկա Ռուսաստանի և Արևմուտքի միջև լուրջ հակադրություն, թուլանում է Իրանի շուրջ լարվածությունը, սիրիական հակամարտությունը դրական հունով է զարգանում, որոշակի լավացում է նկատվում ռուս-վրացական հարաբերություններում և այլն: Ադրբեջանը հույս ունի որսալ պահը և հասնել ավելիին, քան կստանա հակամարտության կարգավորումից ներկա պայմաններում: Դրա համար ժամանակ է հարկավոր, և այդ իսկ պատճառով բանակցային գործընթացը արգելակվում է»,- մեկնաբանել է Ալեքսանդր Սկակովը: