Ս. Ավետիսյան. Կուտակային համակարգի ներդրումը այլընտրանք չունի
«Այսօր պետությունը կանգնած է մեծահասակներին արժանապատիվ կենսաթոշակով ապահովելու խնդրի առաջ ու այս ճանապարհին, պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը շատ կարևոր է, անհրաժեշտություն»,- Panorama.am-ի հարցին, թե ո՞րն է պարտադիր կուտակային համակարգի ներդրման գաղափարի կարևորությունը, որ իշխանությունը ոչ մի կերպ չի համաձայնվում նվազագույնը մեկ տարով հետաձգելու օրինագծի ընդունումը, ինչը բողոքի ակցիաների առիթ է դարձել, ասաց ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը:
Նրա խոսքերով, պետությունն պետական բյուջեի 50%-ից ավելին հատկացնում է սոցիալական ոլորտին, սակայն նույնիսկ այդ պայմաններում հնարավոր չի լինում այնպիսի կենսաթոշակ հատկացնել թոշակային տարիքում գտնվող անձնանց, ինչը վերջիններիս արժանապատիվ ծերություն կապահովի:
«Հասկանալի է, որ որևէ մեկի համար հաճելի չէ, երբ իր աշխատավարձից պահումներ է արվում, սակայն մենք պետք է գիտակցենք, որ սա մեր ապագայի համար արվող քայլ է ու համոզված եմ, որ հետագայում բոլորն էլ կհամոզվեն սրա ճշմարտացիության ու կարևորության հարցում»,- նշեց Ս. Ավետիսյանը:
Հարցին, ո՞րն է այս համակարգի այլընտրանքը, արդյո՞ք հնարավոր չէ այլ մեխանիզմ, այլ գաղափար առաջ քաշել՝ լուծելու կենսաթոշակառուների արժանապատիվ ապագայի հարցը, վերջինս նշեց. «Ցավոք, պետք է նշեմ, որ մեր ընդդիմախոսները այլընտրանք չեն առաջարկում, մասնավորապես, խորհրդարանական ուժերի հետ այս հարցը 3 տարի է քննարկում ենք ու նրանք առանձնապես առարկություններ չունեն համակարգի ներդրման հարցում: Ուղղակի նշում են, թե եկեք մեկ տարով էլ հետաձգենք, որովհետև որոշ հարցեր դեռ պետք է քննարկման առարկա դարձնել»:
Ս. Ավետիսյանը նշեց, որ այն ուժերը, որոնք այսօր փորձում են ցույց տալ, թե մտահոգ են այս հարցում, ոչ միայն մասնակցել են այս հարցի շուրջ վերջին 3 տարիներին տեղի ունեցած քննարկումներին, այլ օրենքի նախագծին կողմ են քվերակել՝ գիտակցելով դրա անհրաժեշտությունը:
«Ու երբ այսօր եկել է այդ օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամանակը, հանկարծ այդ նույն ուժերը փորձում են ցույց տալ, թե իրենք պայքարի մեջ են կամ դրա մեջ այնպիսի խնդիրներ են տեսնում, որ չեն կարող կողմ լինել համակարգի ներդրմանը»,- ասաց պատգամավորը: