«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան». 1988-ի երկրաշարժի լուսաբանման մասին պատմող ցուցահանդեսը Երևանում է
«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան». 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժի` ժամանակի լրատվամիջոցների, լուսանկարիչների, հեռուստատեսային և կինովավերագրողների կողմից լուսաբանմանը նվիրված ցուցահանդեսը, շրջելով Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում և Կապանում, հասել է Երևան։
Վավերագրական ֆիլմեր, աշխատանքային և սիրողական նկարահանումների չօգտագործված կադրեր, չհրապարակված փաստաթղթեր… «Լրատուն» Մեդիա թանգարանը ցուցահանդեսը կներկայացնի այսօր` ժամը 15:00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսը ոչ թե երկրաշարժին է նվիրված, այլ երկրաշարժի լուսաբանման պատմությունն է` մամուլում, հեռուստատեսություններում, ինչպես նաև վավերագրողների կողմից:
«Երկրաշարժից 25 տարի անց հարցազրույց է արվել լրագրողների, լուսանկարիչների, վավերագրողների հետ, որտեղ նրանք պատմում են իրենց տպավորությունները, հուշերը, բաներ, որոնք այն ժամանակ հնարավոր չի եղել ներկայացնել` գրաքննության հետ կապված: Շատ նյութեր կան, որ առաջին անգամ են հրապարակվում, սիրողական լուսանկարներ և նկարահանումներ կան, որոնք այդ օրն են արվել, նաև արխիվային բացառիկ, չհրապարակված փաստաթղթեր կան»,- ասաց նա:
Վահրամ Մարտիրոսյանը կարևորեց, որ ցուցահանդեսը մուլտիմեդիա է, հիմնական բովանդակությունն էկրաններին է: «Սա այնպիսի ցուցահանդես չէ, որ 10 րոպեում պտտվես, նայես պատերին եղածը ու գնաս: Ֆիլմեր են ցուցադրվում, փոքրիկ կինոդահլիճ կա, որը շրջել է Հայաստանի չորս մարզով: Հիմնականը էկրաններին է, որտեղ մի քանի ժամվա հետքրքիր նյութ կա, մարդիկ գոնե 30-40 րոպե պիտի նախատեսեն»,- ասաց նախագծի ղեկավարը:
Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին