Հոսանքազրկումը Երևանի կենտրոնը կաթվածահար էր արել
Երևանի կենտրոնը կրկին հոսանքազրկվեց ու մայրաքաղաքի կենտրոնը կաթվածահար վիճակում հայտնվեց: Մեկ ժամ էր, ինչ չկար էլեկտրաէներգիա, կենտրոնի փողոցների երթևեկությունը վերածվել էր վարորդների համար պայքարի` լուսաֆորները չէին աշխատում:
Panorama.am-ը ֆիքսեց, որ ի տարբերություն մի քանի այլ խաչմերուկների` Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը կարգավորվում պետավտոտեսուչների կողմից, ինչը հնարավորություն ընձեռեց զերծ մնալ վթարային իրավիճակներից, սակայն ընդամենը երկու հարյուր մետր ներքև` Մաշտոց-Խորենացի խաչմերուկում, բառացիորեն խայտառակ իրավիճակ էր: Վարորդները մեկը մյուսին չէին զիջում, ազդանշանների ձայնը ծածկում էր վարորդների գոռոցները. բոլորը շտապում են` իդեալական վթարային իրավիճակ:
Կաթվածահար էին եղել նաև խանութները, այդպես, խմբագրություն զանգահարած քաղաքացիներից մեկը պատմեց, որ շուրջ 15 րոպե մնացել էր NEXT ֆիրմային խանութում, որի դռները հեռակառավարվող են, մարդիկ չէին կարողանում դուրս գալ մութ խանութից: Նույնը նաև բոլոր այն խանութներում, որոնց դռները հեռակառավարվող էին...
Ի դեպ, նկատեցինք, որ, կարծես թե, հոսանքազրկվել էին նաև պետավտոտեսուչների ավտոմեքենաները, քանի որ նրանցից երկուսի մեքենաները, որ տեսանք կենտրոնում, անջատված լուսային համակարգով էին: Մինչդեռ մենք հիշում ենք, որ կա հատուկ հրահանգ լուսային համակարգը միշտ միացրած պահել: