Ն. Զոհրաբյան. Մեծ ցանկության դեպքում կարելի էր չաշխատող մայրերի երեխաների համար նպաստի գումար գտնել
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այն համոզման է, որ կառավարությունը մեծ ցանկության դեպքում կարող էր գտնել ֆինանսական միջոցներ` չաշխատող ծնողների պարագայում ևս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու համար: Panorama.am-ին նա ասաց, որ իր համար անակնկալ չէր կառավարության նման որոշումը:
Հիշեցնենք, որ կառավարությունը նպատակահարմար չհամարեց ԲՀԿ-ական պատգամավորների կողմից ներկայացրած նախագծի ընդունումը, որով առաջարկվում էր մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (ամսական 18 հազար դրամ) տրամադրել նաև չաշխատող ծնողների երեխաներին: Կառավարությունն իր որոշումը հիմնավորեց, որ պատգամավորների նախագծով առաջարկվող փոփոխությունը կառաջացնի մոտ 16 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծով, այնպես էլ ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:
«Նախագծում բարձրացրած խնդիրը ես համարում եմ այնքան հիմնավոր և այնքան անհրաժեշտ: Կներեք, պետք է անկեղծորեն ասեմ, որ աշխատանք չունեցող մայրերի դեպքում նպաստ ստանալն ավելի կարևոր է: Եթե կառավարությունը մի քիչ ջանք գործադրեր, կարող էր այդուհանդերձ գումարներ հայթայթել դրա համար»,-Panorama.am-ին ասաց պատգամավորը:
Օրինագծի հեղինակները` Ն. Զոհրաբյանը, նույն խմբակցությունից Էլինար Վարդանյանն ու Միքայել Մելքումյանը նախագծի հիմավորման մեջ նշել էին, որ առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես, առ այն, որ մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի իրավունք կստանան նաև չաշխատող ծնողներից մեկը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Բացի այց, օրենքի ներկայացվող փոփոխությամբ կբացառվի աշխատող և չաշխատող ծնողների միջև խտրականության որևէ դրսևորում, քանի որ վճարվող նպաստը ուղղվում է երեխայի խնամքին:
«Սա մեզ համար անչափ կարևոր հարց է, մենք պարբերաբար փորձելու ենք խնդիրը բարձրացնել և հասնել այն բանին, որ հաջորդ տարվա բյուջեում հարցը անպայմանորեն ներառվի: Բացարձակ անարդար է, որ նպաստ ստանում են միայն աշախատանք ունեցող մայրերը: Մենք այդ իրավունքի համար պայքարելու ենք»,-ասաց Ն. Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները