Վարչապետ. Մենք պետք է բազմազանություն ապահովենք կրթական համակարգում
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն իրենց աշխատանքային շաբաթ օրը հյուրընկալել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության վարչապետն այսօր այցելել է ուսումնական հաստատություն` ստեղծողի մոբիլ դպրոցին ու հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման և տարածման համակարգին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կառավարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կառավարության ղեկավարին մանրամասն ներկայացրել է ուսուցման կազմակերպման գործընթացը՝ սկսած նախակրթարաններից ավարտած ավագ դպրոցներով: Կրթահամալիրն ունի չորս կրտսեր դպրոց, միջին դպրոց, վարժարանային, արհեստագործական, գեղարվեստի ավագ դպրոցներ, մասնագիտական ուսուցման քոլեջ և մեդիակենտրոն:
Վարչապետ Սարգսյանը շրջայցն սկսել է կրթահամալիրի մեդիակենտրոնից, որն իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ ուսուցման և կառավարման կենտրոն: Այն ներառում է երկու ակումբ, ունի մեդիասրահներ, այստեղ կազմակերպվում են ընթերցավարների ամենշաբաթյա սեմինարներ: Տիգրան Սարգսյանին են ներկայացվել կրթահամալիրի կայքը՝ mskh.am-ը, ենթակայքերը, ամսագրերը։
Այնուհետև վարչապետը եղել է գեղարվեստի կրտսեր և ավագ դպրոցներում, թատրոնի և պարի ակումբում, ծանոթացել ավագ դպրոցի արվեստանոցներում իրականացված «Պիկասո» և ընթերցարան-լաբորատորիայում կազմակերպված նախագծային աշխատանքների արդյունքներին: Գեղարվեստի կրտսեր դպրոցն ունի մանկապարտեզային շաբաթօրյա խումբ, իրականացվում են կրթահամալիրի կրտսեր դպրոցների դասվարների և նախակրթարանների դաստիարակների ամենշաբաթյա սեմինարներ:
«Մենք պետք է բազմազանություն ապահովենք կրթական համակարգում և հնարավորություն տանք մեր տաղանդաշատ ուսուցիչներին, որ նրանք նույնպես ինքնադրսևորվեն և կարողանան այդ կապը հաստատել երեխայի հետ: Մենք ուսումնասիրում ենք այս կրթահամալիրի փորձը, որպեսզի, ստեղծելով հենց այսպիսի միջավայր, կարողանանք բացահայտել երեխայի տաղանդը և շնորհները: Կարևոր է, որպեսզի ուսուցիչները պատրաստ լինեն աշխատել այսպիսի միջավայրում: Բնականաբար, ես կցանկանամ, որպեսզի իմ երեխաներն էլ այսպիսի միջավայրում կրթություն ստանան, որովհետև այն ապահովում է բազմազանություն, ուրույն մտածողություն, ստեղծագործական մոտեցում»,-ասել է կառավարության ղեկավարը:
Կրթահամալիրի մայր դպրոցում վարչապետ Սարգսյանն այցելել է պատանեկան ակումբներ, որտեղ կազմակերպվում են մարմնամարզության և հանրակրթական պարի դասընթացներ, ինչպես նաև կրթահամալիրի դպրոցների խոհարարների սեմինարներ: Հաջորդիվ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել ուսումնական հաստատության սաների կազմակերպած համերգին և ողջույնի խոսքում բարձր գնահատել կրթօջախում ձևավորված մթնոլորտի դերը՝ որպես երեխաների դաստիարակության կարևոր գործոն:
Կրթահամալիրի ուսումնական ծրագրերի վերաբերյալ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում սաները վարչապետին են ներկայացրել ՀՀ նախարարությունների, ուսումնական հաստատությունների, մասնավոր ընկերությունների, Արցախի կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Վրաստանի դպրոցների հետ ծավալված համագործակցության և համատեղ ծրագրերի արդյունքները:
Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում կրթական համակարգում, և զարգացման ուղիով ընթանում են այն պետությունները, որոնք կարողանում են գտնել կրթական համակարգի լավագույն մոդելը և ապահովել իրենց պետության ու ժողովրդի առաջընթացը: Նա շնորհակալություն է հայտնել ծրագրերին ծանոթանալու հնարավորության համար և ընդգծել, որ ՀՀ տարբեր կրթահամալիրների փորձի համեմատական վերլուծությունը և համադրումը հնարավորություն կտա բովանդակային քննարկումներ կազմակերպել և ճիշտ որոշումներ կայացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա