Անվճար բժշկական ծառայություններ` սիրիահայերին. «Թեթև հարցեր են լինում, գոնե բժշկի գումարը կխնայեն»
«Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն» ՀԿ-ում այսօր մեկնարկեց սիրիահայերին անվճար բժշկական ծառայություն տրամադրելու նախաձեռնությունը:
Առաջին այցելուն 13-ամյա սիրիահայ աղջիկ էր, ով սրտի հետ կապված խնդիրներ ուներ: Աղջնակի մայրը` Մագի Խորոզյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում շատ կարևորեց նախաձեռնությունը: «Լինում է, որ գնում ենք այստեղ բժշկի մոտ, բայց լեզվին լավ չտիրապետելու պատճառով խնդիրներ են լինում, չենք հասկանում ինչ ախտորոխումներ և խորհուրդներ են տալիս, դեղորայքն էլ ռուսերեն լեզվով են դուրս գրում: Բացի դա, մենք արդեն վստահում էինք մեր այնտեղի բժիշկներին ու հիմա ուր էլ գնան, փնտրում ենք իրենց»,- ասաց նա:
Սիրիահայ աղջնակին հետազոտեց սրտաբան Գրիգոր Տարաքչյանը, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը մանասակցում է նման բարեգործական նախաձեռնություններին և երբ իմացավ, որ այսպիսի բան կա, որոշեց իր ներդրումն ունենալ: «Բժիշկ Ժանը ինձ հայտնեց, ասացի` ես էլ կգամ, փորձառություն ունեմ այս գործի մեջ, ահագին տեղերում եմ եղել և պատրաստ եմ: Ես կարծում եմ, որ նույնիսկ ուշացել է այս նախաձեռնությունը, այն պետք է սիրիահայերի եկած առաջին օրից լիներ»,- ասաց բժիշկը:
Հալեպահայ մանկաբույժ Ժան Պեշլյանը պատմեց, որ քրոջ հետ այցելել է «Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն», որտեղ լսել է, որ մարդիկ դժգոհում են, թե լեզվի պատճառով չեն հասկանում բժիշկների խորհուրդները, դեղորայքի խնդիր կա և որոշել են նման ակցիա անել:
«Միտք առաջացավ ամեն շաբաթ անվճար բժշկական խորհրդատվություն մատուցել, եթե մարդիկ ինչ-որ հարցեր, մտահոգություններ ունեն, ինչ-որ տեղեր են գնացել, անհասկանալի բաներ են մնացել, օգնենք, խորհուրդներ տանք, դեղերի համարժեքները գտնելու հարցում աջակցենք և այլն»,- ասաց նա:
«Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Ալաջյանը կարծում է, որ նախաձեռնությունը դրական արձագանքներ կունենա, դրանց մասին արդեն լսել է: «Շատ անգամ առողջապահական թեթև հարցեր են լինում, գոնե բժշկի գումարը մարդիկ կխնայեն: Դեղորայքը հաճախ ռուսերենով է, մեր բժիշկները կօգնեն հասկանալ, համարժեք բաներ գտնել: Աստված մի արասցե, եթե պետք լինի նաև հիվանդանոցային բուժումը կկազմակերպենք»,- ասաց նա:
Հավելենք, որ սիրիահայերին անվճար բժշկական ծառայություններ կմատուցվեն «Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոնում», ամեն շաբաթ օր` ժամը 11:00-ից 13:00-ն:
Նախորդիվ`
Անվճար բժշկական ծառայություն սիրիահայերին նախաձեռնությունը մեկնարկում է վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում