Երևանի ամենահարուստ դատավորը Երվանդ Զախարյանի որդին է՝ Արտակ Զախարյանը
Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների ամենաշատ դրամական միջոցներ ունեցող դատավորը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին է՝ Արտակ Զախարյանը։ «168 Ժամ»-ի փոխանցմամբ, նա 2008թ. նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Նրա կողմից լրացված և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2012թ. տարեսկզբին նա ունեցել է 412 մլն դրամ, 200.000 դոլար, 200.000 եվրո։ Տարեվերջին նրա դրամական միջոցներն ավելացել են դառնալով 504 մլն դրամ։ Դոլարով և եվրոյով նրա ունեցած դրամական միջոցները չեն փոխվել:
Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների 57 դատավորների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում նշված դրամական միջոցներին կարող եք ծանոթանալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: