Հաշտություն չի լինելու, և Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ. Տուժող կողմ
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նոր՝ դատահետքաբանական փորձաքննություն է անցկացվել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց վթարի հետևանքով տուժող կողմի ներկայացուցիչ Փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը:
Փաստաբանի խոսքով, դատահետքաբանական փորձաքննությունը պետք է պարզի՝ արդյոք տուժողների «Նիվա» մակնիշի մեքենայի վրայից բացակայե՞լ են կողային հայելիները, թե՞ ոչ: «Պարբերաբար հայտարարություններ էին հնչում, հարցը դրվում էր համընդհանուր քննարկման, և ես էլ ստիպված եղա միջնորդել, որպեսզի դատահետքաբանական փորձաքննություն անցկացվի՝ այդ փաստը կամ հերքելու կամ ապացուցելու համար», -ասաց Ռուբեն Բալոյանը:
Փորձաքննությունը կատարվել է դեկտեմբերի 5-ին, սակայն չնայած ծանուցումներին պաշտպանական կողմի որևէ ներկայացուցիչ ներկա չի եղել փորձաքննության ընթացքին: Բալոյանի փոխանցմամբ, Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ներկա չի եղել, պատճառաբանելով, թե Հայաստանում չէ, չի ներկայացել նաև մյուս պաշտպանը: «Այնուամենայնիվ, փորձաքննությունը կատարվեց և հիմա մենք սպասում ենք դրա արդյունքներին», նշեց Բալոյանը:
Պաշտպանական կողմից հնչած այն հայտարարությունները, թե վթարի 3D տարբերակն ուղարկվել է տուժող կողմին, Բալոյանը հերքեց և ասաց, որ ոչ ինքը և ոչ էլ Հակոբյանները այդ մասին որևէ սկավառակ կամ այլ կրիչ չեն ստացել: «Տուժող կողմը շատ վրդովված է այս քայլերից, հրապարակային քննարկումներից, և ինձ խնդրեցին փոխանցել, որ հաշտություն չի լինելու ընդհանրապես, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Սա այսօր իրենց դիրքորոշումն է», -նշեց փաստաբան Բալոյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախումից մահվան ելքով վթար էր տեղի ունեցել: Վարդան Պետրոսյանը վարել է «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան: Վթարի հետևանքով դերասան Վ. Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Հարուցված քրեական գործի նախաննության շրջանակներում դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:
Նախորդող հրապարակումներ.
Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարի ենթարկված «Նիվա»-ի կողային հայելիները բացակայել են. Փաստաբան
Վարդան Պետրոսյանը ցուցմունք է տվել ու ասել , որ հրաժարվում է մասնակցել քննիչ Հակոբյանի քննչական գործողություններին
Վարդան Պետրոսյանը ցուցմունք է տվել ու ասել , որ հրաժարվում է մասնակցել քննիչ Հակոբյանի քննչական գործողություններին
«Դեռասանն, մեյմունություն է անում». Վ. Պետրոսյանի փաստաբանը ոստիկանապետին խնդրում է պատժել քննիչ Հակոբյանին
Վարդան Պետրոսյանի կալանքի որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում կքննվի նոյեմբերի 21-ին
Վարդան Պետրոսյանի կալանքի մասին որոշումը դատարանը ընդունել է խախտումներով. Փաստաբանը թվարկում է դրանք