ՍԾՏՀ գործարար խորհրդի նիստին թուրքական պատվիրակության ղեկավարը չի մասնակցել թունավորման պատճառով
Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով հանդիսանում է Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդում հայաստանյան ներկայացուցիչը և նախագահող երկրի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել է ՍԾՏՀ գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստը, որի շրջանակներում ներկայացվել են ՍԾՏՀ գործարար խորհրդի գործունեության հաշվետվությունը, գործարար խորհրդի 2013 թ. բյուջեն, ինչպես նաև 2014 – 2015 թթ. բյուջեի կանխատեսումները, ՍԾՏՀ գործարար խորհրդի անդամների կողմից տարեկան ներդրումները և այլն:
Ա.Ղազարյանը նշեց, որ նիստի ընթացքում հայկական կողմն առաջարկել է, որպեսզի տնօրենների նիստին զուգահեռ տարին մեկ անգամ կազմակերպվեն տարածաշրջանային երկրների գործարարների համաժողովներ, ցուցահանդեսներ: Բացի այդ, առաջարկություն է հնչել ստեղծել տարածաշրջանային երկրների տուրիստական բիզնեսի ալյանս: «Այդ փորձը մենք արդեն ունենք Թուրքիայի հետ, հիմա ցանկություն կա այն ստեղծել նաև Սևծովյան երկրների համակարգում: Դա կարևոր է նրանով, որ ալյանսում մշակված առաջարկները գնում են արտաքին գործերի նախարարություններ, այնտեղից էլ` երկրի ղեկավարներին, և դառնում են ուղեցույց արտաքին տնտեսական քաղաքականությունը իրականացնելու համար»,- ասաց Ա.Ղազարյանը:
Ըստ նրա` նիստին մասնակցել են ՍԾՏՀ կազմակերպության 6 անդամ-երկրների ներկայացուցիչներ: Ա.Ղազարյանի խոսքերով` թուրքական պատվիրակության ղեկավարը չի մասնակցել թունավորման պատճառով, սակայն նրա տեղակալները մասնակցում են նիստին: «Ուկրաինացիների գլուխը խառն է բոլորիս հայտնի գործողություններով, ուստի ներքաղաքական վիճակը թույլ չէր տա, որպեսզի բիզնեսը համակարգող պաշտոնյանները գային Հայաստան: Ինչ վերաբերում է Ալբանիային, ապա այն երևի մեր տարածաշրջանի հետ հետաքրքրություն չունի, այդ իսկ պատճառով էլ չեն մասնակցել»,- ասաց Ա.Ղազարյանը:
Այդուհանդերձ, ըստ նրա, տարօրինակ է վրացիների բացակայությունը. «Ես շատ խիստ եմ արձագանքելու, քանի որ մենք հարևան երկրներ ենք և շահագրգիռ ենք վերաբերվում մեկս մյուսին: Եւ հարևան երկրում անցկացվող նիստին Վրաստանի բացակայության իմաստը չեմ տեսնում: Իրենք մինչև վերջին պահն ասում էին գալիս ենք, ճանապարհին ենք, և եթե օրվա վերջ չհասնեն, ուրեմն մերկասառույցը չէր, որ նրանց խանգարում էր»:
Ա.Ղազարյանը հայտնեց, որ նիստի շրջանակներում ընդունել են բանաձև, որը կհնչեցվի հաջորդ տարի Սոֆիայում: Բանաձևի նպատակն է` ՍԾՏՀ գործարար խորհրդի վարչության նիստերին անդամ երկրները պարտադիր կերպով ապահովեն իրենց ներկայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան