«Նկարիչների միությունը գնալով մեռնում է». Արդյո՞ք Հաղթանակ Շահումյանը կառաջադրի իր թեկնածությունը միության նախագահի պաշտոնում
Դեկտեմբերի 16-ին կայանալու է Հայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարը, որի ընթացքում ընտրվելու է նաև միության նախագահ: Արդեն շրջանառվում են միության նախագահի հնարավոր թեկնածուների մի քանի անուններ` Կարեն Աղամյան, Արմեն Աթայան, Հաղթանակ Շահումյան, Ռուբեն Այվազյան:
ՀՀ վաստակավոր նկարիչ, 1977-89-ին Երևանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անձնապես որևէ մտադրություն չունի առաջադրել իր թեկնածությունը միության նախագահի պաշտոնում, եթե, իհարկե, իր նկարիչ ընկերները նման առաջարկով չդիմեն իրեն:
«Եթե միության անդամները զգան, որ իմ աջակցությունը պետք է միությանը, նոր կառաջադրվեմ: Ես ինձ չեմ առաջադրի: Շատերը հույսները կտրել են, որ միությունը այլ նախագահ կարող է ունենալ, քանի որ մեր իրականությունում շատ է կեղծիքը: Միությունը վերջին տասնհինգ տարիներին միայն հետընթաց է ապրել, միշտ կորցրել է, վաճառվել է միության անշարժ գույքը, նկարիչների համար դահլիճները դարձել են վճարովի: Միությունն առաջընթաց չի ապրում, գնալով մեռնում է: Եթե դնեմ թեկնածությունս, միայն միությունը փրկելու համար դա կանեմ: Երկար չեմ էլ կարող մնալ այդ պաշտոնում (նկատի ունի տարիքը), պետք է երիտասարդները գան»,- ասաց նա:
Նշենք, որ վերջին 15 տարիներին միությունը ղեկավարում է Կարեն Աղամյանը. երեք անգամ վերընտրվել է այդ պաշտոնում:
Հաղթանակ Շահումյանի խոսքով, առաջին քայլը, որ պետք է արվի Նկարիչների միությունում, խաթարված բարոյական, հոգեբանական վիճակի վերականգնում է. «Նկարիչները միություն են գնում միայն տեղեկանքներ ստանալու համար կամ ցուցահանդեսների մասնակցելու, այն էլ` ոչ բոլոր: Առաջին հերթին պետք է շտկվի բարոյահոգեբանական վիճակը: Այդ դեպքում և տնտեսական վիճակը կարգի կբերվի և մնացած խնդիրները»:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են վերջին շրջանում ստեղծագործական բոլոր միությունների նախագահների ընտրություններն անցնում բավականին լարված մթնոլորտում (Գրողների միություն, Կոմպոզիտորների միություն, Թատերական գործիչների միություն), ՀՀ վաստակավոր նկարիչն ասաց. «Խորհրդային շրջանում ստեղծագործական միությունները որոշակի տնտեսական, իրավական հսկողության տակ էին: Խորհրդային կարգերի փլուզումից հետո միությունները հսկողությունից դուրս մնացին: Արվեստի մարդիկ չկարողացան միությունների հսկողությունն իրենց ձեռքը վերցնել, եկան մի խումբ արկածախնդիր մարդիկ, ովքեր սկսեցին միությունները ծառայեցնել սեփական շահերին»:
Մինչդեռ այսօր, ըստ նրա, ստեղծագործական միություններն ավելի քան անհրաժեշտ են հայ արվեստագետներին. «Հայաստանում չկան արվեստի դիլերներ, գալերիաներ, իսկ Հայաստանն ունի նկարչական հարսուտ միջավայր: Այդ դերը պետք է կատարի միությունը` կապեր ստեղծի, համագործակցություն ապահովի, որպեսզի մեր նկարիչները կարողանան դուրս գալ միջազգային շուկա: Միությունը մեծ հնարավորություն ունի, սակայն մեզ մոտ այդ հնարավորությունը չի օգտագործվում, քանի որ մտածում են միայն անձնական շահերի մասին»,- ասաց Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Նշենք, որ Հայաստանի Նկարիչների միություն ունի 1100 անդամ` նկարիչներ ու քանդակագործներ:
Նախորդող հրապարակում`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները