Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2015-ին հանրությանը կներկայանա վերանորոգված շենքով
2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարանը-ինստիտուտը հանրությանը ներկայանալու է նոր ցուցադրությամբ` վերանորոգված շենքում: Վերականգնման աշխատանքներն արդեն մեկնարկել են ու կավարտվեն հենց 2015 թվականին: Այս մասին ասուլիսում տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
Ըստ նրա, նոյեմբերի վերջից արդեն թանգարանում ընթանում են հիմնավերանորոգման և նոր թանգարանային ցուցադրության պատրաստման աշխատանքներ: Այդ պատճառով Հայոց ցեղասպանության թանգարանը դադարեցրել է իր աշխատանքները: 2014 թ. ապրիլի 20-ից թանգարանի մի հատվածում կբացվի ժամանակավոր ցուցադրություն: Նա նաև նշեց, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են բարերարների աջակցությամբ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրության կոնցեպցիայի մասին Ս. Մանուկյանը չցանկացավ շատ բացահայտումներ անել, միայն ասաց, որ ցուցադրության տարածքը 2,5 անգամ ավելանալու է, ցուցադրությունը լինելու է նորագույն տեխնիկայով, ունենալու է նաև կրթական բաղադրիչ: 2015 թվականին, Ս. Մանուկյանի խոսքով, Հայաստանում անցկացվելու է նաև ցեղասպանագետների համաժողով: