Ում, ինչպես և դատական որ փուլում են կաշառք տալիս դատավորներին. Պաշտպանի սենսացիոն բացահայտումը (Տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, որը հրապարակվեց այսօր, սենսացիոն բացահայտումներ է արել Հայաստանի դատական համակարգում կոռուպցիայի առկայության մասին: Փաստաբանների, դատավորների ու մասնագետների շրջանում կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ դատարաններում կաշառքի սակագինը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով:
Ընդհանուր առմամբ, հարցվածների մեծ մասի պնդմամբ, կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքում` առաջին ատյանում 500-10 հազար ԱՄՆ դոլար, Վերաքննիչ դատարանում` 2000-15 հազար ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանում 10 հազարից 50 հազար ԱՄՆ դոլար: Այս տվյալներն այսօր հրապարակեց զեկույցի վրա աշխատած խմբի ղեկավար, ՄԻ Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը:
Ի դեպ, Պաշտպան Կարեն Անդրեասյանը չներկայացավ ասուլիսին, նա շենք մտնող լրագրողներին դիմավորում էր առաջինը, իր ձեռագրով մակագրում էր զեկույցը, նվիրում նրանց: Այդպես վարվեց նաև ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանի հետ, որը մտադիր էր ներկա գտնվել զեկույցի ներկայացմանը: Սակայն նրան թույլ չտվեցին մտնել դահլիճ, քանի որ նա լրագրող չէ, և Բաբայանը հեռացավ` զեկույցը նվեր ստացած:
ՄԻՊ զեկույցում մանրամասն, մի քանի տարբերակներով նշվել են դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմները: Մասնավորապես, 1-ին տարբերակի համաձայն, կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կայացրած վճռի համար. այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը` նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ:
Մյուս` 2-րդ մեխանիզմի համաձայն, դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն` երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: «Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև»,- նշվում է Պաշտպանի արտահերթ զեկույցում:
Զեկույցում նշվող հաջորդ տարբերակի համաձայն, գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որևէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկվում ու հրահանգավորվում է անմիջապես դատարանի անդամի կողմից:
Կոռուպցիոն մեխանիզմներից նշվում է նաև հետևյալ տարբերակը` երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը Վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը և փոփոխմանը: Այսինքն` գումար չի վճարում առաջին ատյանում, Վերաքննիչ դատարանում և իր խնդիրը կարգավորում է Վճռաբեկ դատարանում:
«Որոշ հարցվածների պնդմամբ, Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ կամ նրանց հետ փայատեր ստորադաս ատյանի դատավորները ունեն իրենց հետ ոչ պաշտոնական ձևով փոխկապակցված փաստաբանական գրասենյակներ, որոնց միջոցով իրականացվում են համապատասխան գործարքները»,- նշվում է զեկույցում:
Նույն զեկույցում նաև հղում է արվում «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2013» հարցմանը, որի արդյունքներով, Հայաստանում հարցվածների 69 տոկոսը համարել է, որ դատական համակարգը կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված է, իսկ հարցվածների 18 տոկոսը հայտարարել է դատարաններին կաշառք տալու մասին: Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 4-ից գրեթե 3-ը դատական համակարգը համարում են կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված:
Գենյա Պետրոսյանը, հիմնվելով հարցվածների պնդումների վրա, հայտարարեց, որ Հայաստանում գործում է զոնալ դատավորների ինստիտուտը: «Յուրաքանչյուր զոնալ դատավոր Վճռաբեկ դատարանում ունի իրեն կցված դատավորների կոնկրետ քանակ, որի հետ ենթակա են համաձայնեցման այդ բոլոր գործերը», -հավելեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավոր չէ՞ նշել անուններ, Պետրոսյանն արձագանքեց, որ իրենք չեն կարող նշել, թե որքան դատավոր է հարցվել և ովքեր են այդ դատավորները: Մեր հարցին, թե արդյոք մերկապարանոց չէ կոպուպցիայի մասին հայտարարությունները այն դեպքում, երբ որևէ փաստ չի մատնանշվում, Պետրոսյանը պատասխանեց, որ իրենք զեկույցը գրելիս նաև որպես հիմք ունեցել են «Քաունթերփարթ ինթերնեյշընըլ» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
«Այսինքն, անկողմնակալությունը պահպանելու համար մենք ոչ միայն հիմնվել ենք Պաշտպանի աշխատակազմի աշխատանքային խմբի կողմից իրականացված հետազոտությունների վրա, այլ նաև հենց սոցիոլոգիական հետազոտության արդյունքների վրա, որը նույնպես այդ փաստն է բացահայտում», -հավելեց Գենյա Պետրոսյանը:
Նախորդող հրապարակում.
Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնում է 50 հազար ԱՄՆ դոլարի. ՄԻՊ արտահերթ զեկույց