Օսկանյանը հերքում է. ԲՀԿ-ից դուրս չի եկել
«Ի դեպ, ասեմ, որ տարածված լուրը, թե ես դուրս եմ եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և պատրաստվում եմ նոր կուսակցություն ստեղծել, իրականության հետ որևէ կապ չունի»,-այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Նա նաև տեղեկացրել է, այսօր ինքն ու մյուս ԱԳ նախկին նախարար, այժմ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել են Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինի հետ:
«Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը, ինչպես նաև հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի խնդիրները:
Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների ալյանսի (AECR) հրավերով չորեքշաբթի ես մեկնում եմ Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարան, քննարկելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ալյանսի միջև համագործակցության խնդիրները և, առհասարակ, Հայաստանի եվրոպական գործընթացների ներկա վիճակը և հեռանկարները»,-տեղեկացրել է Օսկանյանը: