Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ լուծարվում է «Ռիա Նովոստի» գործակալությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության լուծարման վերաբերյալ: «Իտառ-Տասս» գործակալության հաղորդմամբ, փաստաթղթի տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում:
Նախագահի կարգադրությամբ, «Ռիա Նովոստի» գործակալության բազայի վրա ստեղծվելու է «Ռուսաստանն այսօր» ("Россия сегодня") նոր միջազգային լրատվական գործակալություն: Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելու է «Ռոսիա 1» հեռուստաընկերության հաղորդավար Դմիտրի Կիսիլյովը: Լրատվական նոր գործակալության տնօրենը նշանակվում և ազատվում է ՌԴ նախագահի հրամանով:
Փաստաթղթի համաձայն, «Ռուսաստանն այսօր» լրատվականի հիմնական գործունեությունն է լինելու արտերկրում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության և Ռուսաստանի հասարակական կյանքի լուսաբանումը:
Նույն կարգադրությամբ, լուծարվում է նաև «Ռուսաստանի ձայն» ռադիոհեռարձակող ընկերությունը, որի ողջ գույքը փոխանցվելու է նոր ստեղծվելիք գործակալությանը: Վերադասավորություններ են կատարվելու նաև «Ռիա Նովոստի» հոլդինգի մեջ մտնող «Ռոսիսկայա Գազետա» պարբերականում, որը միավորվելու է «Ռոդինա» ամսագրի հետ:
70-ամյա պատմություն ունեցող «Ռիա Նոսվոստի» գործակալությունն հանդիսանում է Ռուսաստանի խոշորագույն մեդիահոլդինգներից մեկը, որը ներառում է 22 լեզուներով շրջանառվող շուրջ 40 լրատվական ռեսուրսներ:
Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, մեկնաբանելով Պուտինի կարգադրությունը, հայտարարել է, թե «Ռիա Նոսվոստի» գործակալության վերակազմավորումը ուղղված է բյուջետային ծախսերի նվազմանն ու լրատվամիջոցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: