ՄԻՊ-ը կանխակալ վերաբերմունք է քարոզում դատարանների հանդեպ. Արսեն Բաբայան
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զբաղված է սեփական PR-ով և երկու օր է` մամուլի առաջին էջերում է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Նրա կարծիքով, դատական համակարգի, դրանում գոյություն ունեցող կոռուպցիայի և ավելին, կաշառքների սակագների մասին ՄԻՊ արտահերթ զեկույցի հրապարակումը շոու էր և զուտ իրավական տեսանկյունից ուներ սիրողական մակարդակ: Եթե դատավորների կողմից կաշառք վերցնելու մասին փաստեր կային, ապա ըստ Բաբայանի, ճիշտ կլիներ, որ Պաշտպանն այդ փաստերի մասին տեղեկացներ Դատական դեպարտամենտին և դրա հետքերով ուսումնասիրություններ կկատարվեին: Դեպարտամենտի ներկայացուցիչն ասաց, որ կարելի էր օգնել վերացնել կոռուպցիան, այլ ոչ թե «ցեխ շպրտել համակարգի վրա» կամ սենսացիաներ տարածել:
«Ցանկացած տեղեկատվություն հիմնավոր չէ, եթե դրա համար չեն ներկայացվում կոնկրետ փաստեր, եթե այն նպատակ չի հետապնդում բացահայտել մեղավորներին, առավել ևս հրապարակված սակագները հանրության մոտ անվստահություն ստեղծելուն միտված գործընթաց է: Ինչի՞ պետք է հասնենք դրանով»,- հարցադրում արեց Դեպարտամենտի ներկայացուցիչը:
Մի քանի գործերով ընդհանուր համակարգի մասին զեկույց հրապարակելով, Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ Արսեն Բաբայանի, կանխակալ վերաբերմունք է քարոզում դատարանների հանդեպ և նվազեցնում դատարանների հանդեպ վստահություն ունեցող մարդկանց հավատը:
«ՄԻՊ-ի կողմից բարձրաձայնված խնդիրներն ավելի խորը քննարկման կարիք ունեն իրավապահ մարմինների կողմից: Կաշառքի վերաբերյալ թվեր հրապարակելով` Պաշտպանը ցույց է տալիս, որ այն աղբյուրը, որից ինքը ստացել է այդ տեղեկատվությունը, առնչություն է ունեցել կոռուպցիայի հետ»,- նկատեց Արսեն Բաբայանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել, էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արտահերթ զեկույց էր հրապարակել, որտեղ նշվում էր Հայաստանի դատական համակարգում գոյություն ունեցող կոռուպցիայի մասին: Փաստաբանների, դատավորների ու մասնագետների շրջանում կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ դատարաններում կաշառքի սակագինը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով:
Ընդհանուր առմամբ, հարցվածների մեծ մասի պնդմամբ, կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքում` առաջին ատյանում 500-10 հազար ԱՄՆ դոլար, Վերաքննիչ դատարանում` 2000-15 հազար ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանում 10 հազարից 50 հազար ԱՄՆ դոլար:
Նախորդող հրապարակումներ.
Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնում է 50 հազար ԱՄՆ դոլարի. ՄԻՊ արտահերթ զեկույց (տեսանյութ)
Ում, ինչպես և դատական որ փուլում են կաշառք տալիս դատավորներին. Պաշտպանի սենսացիոն բացահայտումը (Տեսանյութ)
Ովքեր են ամենասիրված ու ամենաչսիրված դատավորները